Փաշինյանը պետությունը տանում է գիլիոտինի տակ, եթե հրաժարական չի տալիս. Խոսրով Հարությունյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեր տարածաշրջանում ազդեցիկ աշխարհաքաղաքական դերակատում ունեցող և Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ մեկ բառ անգամ չասաց Արցախի ինքնորոշման իրավունքի անհրաժեշտության մասին. չասաց, որովհետև նրա քաղաքական թիմի ղեկավարը՝ Փաշինյանը, հայտարարել է, որ Արցախն անգամ տեսականորեն զրկվել է Ադրբեջանի կազմում չհայտնվելու որևէ հնարավորությունից։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Միրզոյան-Լավրով հանդիպմանը հաջորդած բրիֆինգի ընթացքում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հնչեցրած շեշտադրումների մասին, նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ հավելելով.
«Արարատ Միրզոյանը կաշկանդված է. դա պատահական չէ. չէ՞ որ Արարատ Միրզոյանի քաղաքական ղեկավարն ասում էր՝ Արցախն Արդբեջանի կազմից դուրս չի տեսնում, հիմա ինչպե՞ս է Արարատ Միրզոյանն այլ բան ասելու»,- շեշտեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Արարատ Միրզոյանը ոչ միայն չի խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, այլ նաև չի անդրադարձել Հայաստանի տարածքներն Ադրբեջանի կողմից օկուպացնելու հարցին։
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս իշխանությունը չի խոսում Հայաստանի պետական սահմաններին առկա կորուստների մասին. լռում է Սև լճի, Սոթքից Խոզնավար հատվածի և այլ տարածքներում ադրբեջանցիների օկուպացման մասին. չէ՞ որ այդ վիճակի առաջ ենք կանգնել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարարությամբ է մեր զորքը զիջել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր դիրքերը, ինչը նշանակեց, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիներին ասաց՝ «էստի համեցե՛ք»՝ տալով թշնամուն ռեալ հնարավորություն վերցնել մեր ռազմավարական բարձունքներն ու ճնշման տակ պահել Հայաստանը։ Գիտեք՝ պետք է լինել մտոք կույր, անընկալունակ, որ այս տարրական բաները չհասկանալ»,- ասաց Հայաստանի նախկին վարչապետը՝ շեշտելով, որ ինչպես սահմանների շուրջ տիրող լարված իրավիճակը, այնպես էլ պատերազմի կախված վտանգն ու այս իշխանության՝ դրանց անհամարժեք արձագանքները Հայաստանի ներքաղաքական կյանքը բերել-կանգնեցրել են ճգնաժամի առաջ։
«Հայաստանը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ. ճգնաժամ ասելով՝ պետք է հասկանալ այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունը կամ չի՛ կարողանում, կամ ունակ չի երկրում առկա իրավիճակին ադեկվատ որոշումներ կայացնել։ Հիմա մեր դուռը թակում է պատերազմը, և Արևմուտքն ու Արևելքը հերթական անգամ բաց չեն թողնի առիթը՝ Հայաստանի սահմանների իրավիճակը թեժացնելու համար. ավելին՝ կան որոշ պետությունների ղեկավարներ, որոնք կողմ են ուժով վերցնելուն. անգամ կարող են չհամաձայնել, որ դու զիջես, ուստի աշխարհին և քեզ ցանկանում են ցույց տալ՝ ցանկանում են պատերազմով վերցնել։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունն ի վիճակի է այս իրավիճակներին ադեկվատ որոշումներ կայացնել»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ հիշեցնելով, որ այս իշխանության ադեկվատ որոշումներ չկայացնելու լավագույն ցուցիչը խորհրդարանական երկրի գլխավոր մարմնի՝ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից ծավալվող քննարկումներն են՝ աղի, դատավորների աշխատավարձերի բարձրացման, բայց ոչ երբեք՝ Հայաստանին սպառնացող անվտանգային խնդիրների մասին։
«Հետևապես, մենք գտնվում ենք պերմանենտ քաղաքական ճգնաժամում»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ ստեղծված իրավիճակում կարևորելով երկիրը ցնցումներից զերծ պահելու համար Փաշինյանի հրաժարականն ու հեռացումը։
«Ամենամեծ վտանգը ճշմարտանման կեղծիքն է. իսկ Փաշինյանը դրա մեծագույն վարպետն է։ Այդ ամենով հանդերձ՝ այս քաղաքական ճգնաժամի կարգավորման միակ տարբերակն այն է, որ Փաշինյանը գիտակցի պատմության առաջ իր պատասխանատվությունն ու հրաժարական տա, ինչից հետո պետք է ձևավորել անցումային կառավարություն, որի անդամները 1 տարի հետո կազմակերպվելիք արտահերթ ընտրություններին չեն մասնակցի, հակառակ պարագայում Փաշինյանի մասնակցությամբ նոր ընտրությունը 2021 թվականի պես երկրի ճգնաժամն ավելի է խորացնելու։ Եթե Փաշինյանը հրաժարական չի տալիս, նշանակում է՝ այսպես պետությունը տանում է գիլիոտինի տակ»,- ասաց Հարությունյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսաքնյութում