«Եթե Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի դեսպանն է, բնականաբար, մեզ մոտ կա մտավախություն, որ նա առաջ է տանում նրա թեզը». Արշակ Աբրահամյան
Հունիսի 8-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գնացել էր Արցախ։
Ինչպես 168.am-ի աղբյուրն էր փոխանցել՝ Նիկոլ Փաշինյանն Էդմոն Մարուքյանին գործուղել էր Ստեփանակերտ՝ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների հետ հանդիպելու և իր վարած քաղաքական կուրսի վերաբերյալ խմբակցությունների անդամների և ղեկավարների հետ բացատրական աշխատանքներ տանելու նպատակով։
Ըստ աղբյուրի՝ Մարուքյանն Արցախ էր գնացել «լոլոներ» կարդալու նպատակով, սակայն ԱԺ երեք՝ «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները կտրականապես մերժել էին հանդիպել. երեք խմբակցություններից որևէ պատգամավոր նրա հետ չէր հանդիպելու։
Արցախի ԱԺ-ի մոտ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ Էդմոն Մարուքյանից պահանջելով բարձրաձայն հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն Էդմոն Մարուքյանը մնացել էր անդրդվելի և որևէ նախադասություն այդ թեմայի վերաբերյալ չէր ասել։
168.am-ի հետ զրույցում Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանն անդրադառնալով Էդմոն Մարուքյանի Արցախ այցին ու տեղի ունեցած բողոքի ակցիային՝ նախ ասաց, որ բողոքի ակցիան իրականացնող երիտասարդներին մեկ հարց էր հետաքրքրում, նրանք ուզում էին պարզել՝ Էդմոն Մարուքյանը բարձրաձայն կասի՞, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Եթե Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի դեսպանն է, բնականաբար, մեզ մոտ կա մտավախություն, որ նա առաջ է տանում Նիկոլ Փաշինյանի թեզը։ Մեր ժամանակը սուղ էր, այդ պատաճռով էլ չհասցրեցինք շատ երիտասարդներով հավաքվել, թեպետ այնտեղ էին «Վերնատուն» կենտրոնի, ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Արդարություն» կուսակցությունների երիտասարդները։
Ի դեպ, ըստ նախնական տվյալների, Էդմոն Մարուքյանի և ԱԺ խմբակցությունների պատգամավորների հանդիպումը նախատեսված ժամից 1,5 ժամ ուշ սկսվեց, քանի որ Էդմոն Մարուքյանն ուշացել էր, սա էլ է, չէ՞, խոսում անպատասխանատու քաղաքական գործիչ լինելու մասին։
ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցն Էդմոն Մարուքյանի ժամանելուց առաջ մեզ հրավիրեց իր սենյակ, մի փոքր առանձնազրույց ունեցանք, նա ասաց, որ թույլ տանք, որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենա, ինչին ի պատասխան՝ ասացինք, որ մենք որևէ նպատակ չունենք խոչընդոտելու այդ հանդիպումը, պարզապես ուզում ենք, որ Էդմոն Մարուքյանը հայտարարի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Պարոն Բաղունցը մեզ ասաց, որ թույլ տանք, որպեսզի այդ հարցն ինքը տա ԱԺ մակարդակով։ Մենք էլ ասացինք, որ հնարավոր է՝ նա Փաշինյանի կողմից գործուղվել է Արցախ՝ Արցախի իշխանությունների գլխի տակ «փափուկ» բարձ դնելու համար, և կարող է փոխանցել փաստաթղթեր, որոնք չհանրայնացվեն»,- մանրամասնեց Արշակ Աբրահամյանը։
Ըստ նրա, երբ իրենք պահանջել են, որպեսզի Էդմոն Մարուքյանն ասի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Մարուքյանը պատասխանել է, որ շատ բաներ կարող է ասել, սակայն այդ պահին չի ասի։
«Երբ Էդմոն Մարուքյանը ներսում էր գտնվում, նրա վարորդն անգամ թույլ չէր տալիս, որպեսզի մենք Արցախի դրոշը փակցնենք մեքենային։ Նրա վարորդը սկսեց կոնֆլիկտի մեջ մտնել ակցիայի մասնակիցների հետ, փաստորեն դրա հետ կապված նա խնդիրներ տեսավ։ Բնականաբար, քանի որ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն է, գրեթե համոզված էինք, որ նա նման նախադասություն չի ասելու, բայց այժմ ամբողջովին համոզվեցինք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Արշակ Աբրահամյանի խոսքով՝ իրենց համար տրամաբանական չեն ՀՀ իշխանության այն բացատրությունները, թե նման նախադասություն չեն կարող ասել, քանի որ ընթանում են բանակցություններ, և ամեն օր ինչ-որ բաներ են փոխվում։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության որևէ գործողություն ի սկզբանե չի ունեցել որևէ տրամաբանություն։
«Իշխանության բռնի զավթումից հետո մենք մշտապես ասել ենք, իշխանության զավթումը մեկ նպատակ ունի՝ Արցախի հանձնում։ Բոլորի համար ակնհայտ է մեկ բան՝ Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի և իշխանության գան պետականամետ և ազգային իշխանություն, քանի որ դրանով է պայմանավորված Արցախի ճակատագիրը։
Մենք մշտապես հայտարարել ենք, որ Արցախից իր ձեռքերը լվացել է ոչ թե հայ ժողովուրդը, այլ Հայաստանի իշխանությունը։ Բնականաբար, մենք Հայաստանի կողքին ենք, և հայ ժողովուրդն էլ մեր կողքին է՝ այս ամենը մենք ամեն օր տեսնում ենք։ Որքան էլ Նիկոլին ու իր տերերին ձեռնտու չլինի, միևնույն է՝ Արցախն ու Հայաստանը նույնն են։
Իհարկե, մեզանից որևէ մեկը պատերազմ չի ցանկանում, սակայն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, նա չի կարող առաջ տանել հայկական օրակարգը։ Նա պետք է հեռանա, վաղուց ժամանակը մեր դեմ է աշխատում»,- եզրափակեց Արշակ Աբրահամյանը։