
Էդմոն Մարուքյանին Արցախ գործուղելու պատճառը հայտնի է

168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին գործուղել է Արցախ՝ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների հետ հանդիպելու և իր վարած քաղաքական կուրսի վերաբերյալ խմբակցությունների անդամների և ղեկավարների հետ բացատրական աշխատանքներ տանելու նպատակով։
Ըստ մեր աղբյուրի՝ Մարուքյանն Արցախ է գնացել «լոլոներ» կարդալու նպատակով, սակայն ԱԺ երեք՝ «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների կողմից արժանացել է մերժման. երեք խմբակցություններից որևէ պատգամավոր նրա հետ չի հանդիպելու։
«Ուստի հիմա հանդիպում է միայն Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» ՔՄԴ-ի խմբակցության ղեկավարների հետ»,- փոխանցեց մեր աղբյուրը։
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանին այսօր Արցախում դիմավորեցին «դավաճան» վանկարկումներով այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց կրկնել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը: