Կլաարը փորձում է համակարգել նաև հայ-թուրքակա՞ն գործընթացը․ Ինչո՞ւ էր ԵՄ հատուկ ներկայացուցիչը մեկնել Թուրքիա

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի տարածաշրջանային շրջագայությունն այս անգամ անցավ նաև Թուրքիայով: Ինչպես հայտնի է, հունիսի 3-ին սկսվեց Կլաարի տարածաշրջանային այցը Երևան, այստեղ ԵՄ ներկայացուցիչը հանդիպումներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Արմեն Գրիգորյանի և Ռուբեն Ռուբինյանի հետ:

Երևանյան այցի ընթացքում քննարկվել էին հայ-ադրբեջանական հումանիտար խնդիրները, սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքները, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերը, բրյուսելյան պայմանավորվածությունները և հայ-թուրքական գործընթացը: Ռուբինյան-Կլաար հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը մտքեր էին փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

«Ռուբեն  Ռուբինյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները: Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է` նպաստելու գործընթացի առաջմղմանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, կարևորել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը»,- ասված էր հաղորդագրությունում:

Ուշագրավն այն է, որ սովորաբար Կլաարն այցելում էր Բաքու և Երևան, պատահում էր՝ նաև Թբիլիսի, սակայն հայ-թուրքական, այսպես կոչված, բարելավման  գործընթացին զուգահեռ՝ հաճախակիացել են Կլաարի այցերը՝ ինչպես Երևան, Բաքու, այնպես էլ՝ Թուրքիա: Այս անգամ անմիջապես Հայաստան կատարած այցից հետո ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը մեկնել է Թուրքիա: Գաղտնիք չէ, որ ԵՄ-ն լիարժեքորեն աջակցում է հայ-թուրքական, այսպես կոչված, նորմալացման գործընթացին, այս կապակցությամբ ԵՄ պաշտոնյաները և անձամբ Կլաարը բազմաթիվ հայտարարություններով են հանդես եկել: Սակայն հետաքրքրական է նաև այն, որ Ուկրաինայում պատերազմից ի վեր Կլաարն ակտիվորեն զբաղվում է ոչ միայն Հայաստան-Ադրբեջան գործընթացով, այլև հայ-թուրքական նորմալացմամբ:  Մարտի 10-12-ն ընկած ժամանակահատվածում, երբ Անթալիա իր առաջին այցը կատարեց Արարատ Միրզոյանը, այնտեղ էր նաև Տոյվո Կլաարը, ով հանդիպում ունեցավ Ա․ Միրզոյանի ու Մ․ Չավուշօղլուի հետ քննարկելու մեկնարկած հայ-թուրքական գործընթացը: Ստացվում է, որ ԵՄ-ն՝ ի դեմս ԵԽ նախագահ Շառլ Միշելի, համակարգում է և ձգտում առաջնորդել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացների միջնորդությունը: Ուստի հետաքրքիր է, թե ինչ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Կլաարը: Կարելի է ենթադրել, որ Երևանում Ռուբեն Ռուբինյանին հանդիպելուց հետո Կլաարն Անկարայում հանդիպել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, ում հետ Ռուբինյանն ունեցել է արդեն 3 հանդիպում:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իրականությունը հենց այդպիսին է, որ ԵՄ-ն զբաղվում է բոլոր այն հարցերով, որոնցով զբաղվել է Ռուսաստանը, և որոնց ուղղությամբ որոշումները կայացվել են Մոսկվայի միջնորդությամբ: Տարասովը հիշեցրեց, որ Ռուբինյան-Քըլըչ առաջին հանդիպումը կայացել է հենց Մոսկվայում, Մոսկվան է եղել այն դիվանագիտական խողովակը, որի միջոցով հայ-թուրքական երկխոսությունը մեկնարկել է:

«Ի սկզբանե ակնհայտ էր, որ Մոսկվան անընդհատ չէր լինելու գործընթացում, այդ ցանկությունը երբեք չի ունեցել, սակայն ԵՄ-ն այս հարցերում հաստատվելու, դերակատարություն ունենալու խնդիր ունի, այդ պատճառով ինտենսիվ հանդիպումները, զանգերը չեն դադարում, և հույսն այն է, որ Ռուսաստանը թուլացած կորցրել է իր տարածաշրջանային բոլոր դիրքերը: Արևմուտքի այդ հաշվարկները տեղին չեն: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Թուրքիան չի ցանկանում, որպեսզի գործընթացն ունենա միջնորդներ, և հայկական կողմն ու Արևմուտքն են ցանկանում, որպեսզի հանդիպումները տեղի ունենան այլ մայրաքաղաքներում, եթե չեմ սխալվում, Վիեննայում են տեղի ունենում, այսինքն՝ մասամբ արևմտյան միջնորդություն կա, բայց Թուրքիան Արևմուտքի լիարժեք վերահսկողության տակ չէ, քանի որ Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարները շատ ճկուն հարաբերություններ են կառուցել, որոնց շնորհիվ միմյանց համար հավելյալ խոչընդոտներ չեն ստեղծում: Եվ որքան էլ Բրյուսելը ցանկանում է, չեմ կարծում, որ գործընթացը գտնվում է Բրյուսելի անմիջական վերահսկողության տակ: Պարզապես կա ցանկություն, որպեսզի այդպես լինի»,- նկատեց Ս․Տարասովը:

Նա նշեց նաև, որ գնահատելով ԵՄ-Թուրքիա կապերը և Կլաարի վերջին այցը Թուրքիա, պետք է ուշադրություն դարձնել, որ Թուրքիայում էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր թուրք պաշտոնակցի հետ բանակցությունների նպատակով:

«ԵՄ-ն, բնականաբար,  այս գործընթացը ցանկանում է պահել իր ուշադրության կենտրոնում, այսինքն՝ այս հարցերն ունեն՝ ինչպես նեղ տարածաշրջանային, այնպես էլ՝  շատ ավելի լայն կոնտեքստ, որոնք վերաբերում են Ռուսաստան-Թուրքիա-Արևմուտք հարաբերություններին, որտեղ Թուրքիայի դերը շատ ճկուն է: Ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում նախարարները քննարկել են տարածաշրջանային 3+3 ձևաչափը, որի հանդիպումները շարունակվելու են, այսինքն՝ ուկրաինական պատերազմը դանդաղեցրեց այս ամենը, բայց չվերացրեց: Թուրքիան իր արտաքին քաղաքական առաջնահերթություններն ունի, տնտեսական հարցերը, որոնցում Ռուսաստանի դերակատարությունը փոքր չէ, եթե ոչ՝ չափազանց էական, ուստի խաղադրույքները, թե Թուրքիան Արևմուտքի հետ դուրս էր գալու Ռուսաստանի դեմ, սխալ էին, ապացուցվեց, որ այդ մասով  գոնե Արևմուտքի հաշվարկները սխալ էին: Ռուսաստանն ու Թուրքիան ունեն իրենց անկայուն թվացող, սակայն կայուն հարաբերությունները, որոնց ներքո հստակ շահեր են: Ուստի ԵՄ պաշտոնյաները, բնականաբար, իրենց այցերն են իրականացնում, իրենց քաղաքականությունն են փորձում առաջ մղել, ինչը անում են նաև մյուս բոլոր կողմերը»,- նկատեց նա:

Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ քաղաքական տրամաբանության տեսանկյունից ԵՄ-ն օգտվում է ստեղծված իրավիճակից, որը, իր գնահատմամբ, շատ վատ է Ռուսաստանի համար: Ըստ նրա, շատ կարևոր է այն հանգամանքը, թե ինչ գնահատականով է առաջնորդվում Արևմուտքը, որը միակողմանի գնահատական է, Արևմուտքը չի պատկերացնում, որ Ռուսաստանը միայն ռազմական ներգրավվածություն ունի Ուկրաինայում, իսկ մնացած գոտիներում աշխատում է  գրեթե բնականոն ռեժիմով:

«Միակ բեկումը, որին հասել է ԵՄ-ն, դա հայ-ադրբեջանական բանակցություններն են, որոնց վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն արդեն մեկնաբանություններ է անում, և հակամարտությունը վերածվել է աշխարհաքաղաքական խաղերի թիրախի, ինչը բացասական հանգամանք է հակամարտության և կողմերի համար: Սակայն սա նման աննախադեպ փուլում գրեթե անխուսափելի զարգացում էր, քանի որ ՌԴ-Արևմուտք ռազմական լարվածությունը և առճակատումը տեղափոխվելու է բոլոր ոլորտներ, բոլոր տարածաշրջաններ: Անկանխատեսելի են նաև զարգացումները Հարավային Կովկասում, ՌԴ-ն թույլ տվեց, որ եվրոպական դիվանագիտությունն ակտիվանա այստեղ, դա ոմանք սխալ են որակում, բացթողում, որը ռուսական դիվանագիտությունը հետո պետք է լրացնի: Բայց այդպիսին է մեր դիվանագիտությունը՝ վստահ, որ Հարավային Կովկասում այլընտրանքներ չեն կարող լինել, որն այդքան էլ այդպես չէ, բայց իրավիճակ փոխելը ևս բարդ է»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս