ՍԴ աշխատակիցները տեղյակ չեն, որ մենք «ժողովրդավարության բաստիոնն» ենք. Հայկ Մամիջանյան

«Ներսում տեղի է ունենում դատական բարեփոխումներին վերաբերող միջոցառում,  որին ներկա են թե՛ միջազգային կառույցների մի շարք ներկայացուցիչներ, թե՛ դատական իշխանության ամենատարբեր օղակների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:  Հատկանշական է փաստը, որ ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկը հրավիրված չէր, և մենք մեր գործընկերների հետ ցանկություն հայտնեցինք մասնակցել և ներկայացնել դատական իշխանության իրական վիճակը  Հայաստանում. խոսել քաղաքական հայացքների համար բանտարկված անձանցից, որոնց թիվն արդեն տասնյակների է հասնում, ոստիկանական բռնություններից և դրանց վերաբերյալ դատական իշխանության լռությունից»,- «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր  «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ից հետո ՀՀ իշխանությունները պատրաստվում են հերթական փակ միջոցառմանը. այս անգամ՝ դատական իշխանության վերաբերյալ:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկելու է երկօրյա խորհրդաժողով «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով, որը կազմակերպում է Եվրոպայի խորհուրդը, հովանավորում՝ Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը:

Նշել էինք նաև, որ միջոցառմանը հրավիրված չէ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ ներկայացուցիչ, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը և իշխանությանը չհարող որևէ հասարակական կազմակերպության ներակայացուցիչ: Իսկ միջոցառումը լուսաբանելու իրավունք էլ  ստացել են միայն  Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, հանրային ռադիոն և «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

«Երևի խնդիրը նրանում է, որ ՍԴ աշխատակիցները, որոնք կազմակերպիչն են այս միջոցառման, ԵԽԽվ զեկույցներ չեն կարդում, Արարատ Միրզոյանին չեն լսում. տեղյակ չեն, որ մենք «Ժողովրդավարության բաստիոնն ենք» և այլն: Եվ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը տվյալ միջոցառմանն արգելված է. մուտքը հրավիրատոմսերով է միայն, որովհետև ժողովրդավարության այն փուչիկը, որը օրեցօր ամենատարբեր տեղերում փորձում է փչել Փաշինյանն ու իր խունտան, հանկարծ կարող է պայթել»,- հավելեց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս