Արման Մելիքյանը չի ցանկանում աչք փակել ընտրակեղծիքների վրա

ՀՀ  նախագահի թեկնածու. ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը կասկածի տակ չեն դնում ընտրությունների օրինականությունը և աչք են փակում ընտրակեղծարարության վրա:

Արման Մելիքյանը նշեց, որ քարոզարշավի առաջին շաբաթը կարևոր էր այն առումով, որ պարզվեց թեկնածուների մարտավարությունը, նրանց ծրագրերը: «Բայց, ցավոք սրտի, բացառությամբ մեր առաջարկների, որևէ գործնական առաջարկ չհնչեց այն մասին, թե ինչպես կարելի է ապահովել առաջիկա ընտրությունների օրինականությունը»,-հայտարարեց նախագահի թեկնածուն՝ հավելելով, որ անգամ ընտրություններին չմասնակցող  ուժերը պետք է  հետամուտ լինեն այս խնդրի լուծմանը: Թեկնածուների երկրորդ խմբի մեջ, ըստ Արման Մելիքյանի, մտնում են Անդրիաս Ղուկասյանն ու Արամ Հարությունյանը, ովքեր դիմել են հացադուլին:

«Այս քայլը արդյունավետ չեմ համարում, որովհետև  ի սկզբանե այրված են կամուրջները և երկխոսության ճանապարհը փակ է: Սա նշանակում է, որ մի ճամբարը որոշում է կայացրել բոլորի փոխարեն և մինչև վերջ պնդելու է իր ասածը, ինչը մեծ հաշվով  քաղաքական փակուղի է մտցնում գործընթացի իրավաչափությունն ապահովելու և այդ իրավաչափությանն իրական կշիռ տալու հնարավորությանը»,- ասաց Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, հացադուլը քաղաքական  հուսահատության դրսևորումն է, որը ոչ միայն արդյունավետ չի, այլև խորացնում է  երկրում առկա հուսալքության մթնոլորտը:

Անդրադառնալով երեկ ԿԸՀ-ի տարածած հայտարարությանը, որտեղ դատապարտվում են թեկնածուի դատողությունները ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ՝ Արման Մելիքյանը հայտարարեց, որ  այստեղ թյուրըմբռնում կա, քանի որ ինքը պաշտոնական հայտարարություն չի արել և ընդամենը ֆեյսբուքյան գրառում է կատարել իր դիմումի ընթացքի վերաբերյալ: «Որևէ մեկի վերաբերյալ վիրավորական բան չեմ ասել, մանավանդ որ կարող եմ անկեղծ ասել, որ թեև ես համաձայն չէի ԿԸՀ-ի դիրքորոշման հետ, բայց միանգամայն հարգալից վերաբերմունքի արժանացա իրենց կողմից և ինքս էլ իրենց անձին հարգանքով եմ վերաբերվում»,-ասաց թեկնածուն:

Արման Մելիքյանը տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների հետ և հատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ թեև դիտորդները հիմնականում կենտրոնացել են ընտրացուցակների անճշտությունների վրա, բայց  դա երկրորդական է, քանի որ ընտրացուցակներն այսպես, թե այնպես ճշգրիտ են և օբյեկտիվորեն ամենօրյա փոփոխման  ենթակա: «Շատ ավելի կարևոր է այն հարցը, որ ընտրացուցակներում ընդգրկված ձայնի իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներից շատ մեծ քանակություն գտնվում է արտասահմանում»,-ասաց Արման Մելիքյանը:

Նա նշեց, որ  մոտ 1.5 մլն ՀՀ  քաղաքացիներ  երկրում չեն, բայց  նրանց առնվազն 2/3-ը ընտրելու իրավունք ունի և ընդգրկված   է ընտրացուցակներում:  «Սա վկայությունն է այն բանի, որ նախորդ ընտրություններում 400-500 հազար մարդ հավելագրվել է»,-նկատեց թեկնածուն: Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը դեռևս նախորդ շաբաթ էր դիմել ԿԸՀ՝ պահանջելով Հայաստանից հեռացվածների մասին տեղեկատվությունը ճշտել և հրապարակել, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր թեկնածուի դիմումը:

Տեսանյութեր

Լրահոս