ԵԽԽՎ-ն Ադրբեջանի վերաբերյալ երկու զեկույցներից միայն մեկի մասին է բանաձև ընդունել
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանի երեկվա լիագումար նիստում քննարկվել է Ադրբեջանի վերաբերյալ միանգամից երկու զեկույց: Դրանցից առաջինը պատրաստել են մոնիթորինգային կոմիտեի զեկուցողներ Պեդրո Ագրամունտը (Իսպանիա) և Ջոզեֆ Գրեշը (Մալթա): Այդ զեկույցն առնչվում է ԵԽ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Երկրորդ զեկույցի հեղինակը գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերն է: Երեկվա նիստում զեկուցողները նախ ներկայացրել են իրենց հաշվետվությունները, ապա սկսվել են այդ փաստաթղթերի քննարկումները:Ագրամունտը հիշեցրել է, որ իրենց զեկույցն արդեն իսկ Մոնիթորինգային կոմիտեի նիստում հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին: Նա տվյալ զեկույցը բնորոշել է որպես հավասարակշռված՝ հիշեցնելով, որ վերջին 5-6 տարիներին չեն ընդունվել Ադրբեջանի մոնիթորինգային պարտավորությունների մասին նմանատիպ փաստաթղթեր:
Շտրասերն իր հերթին ուշադրություն է հրավիրել իր զեկույցի անվան վրա՝ «Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի լուծման հետագա միջոցների մասին»: Շտրասերը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմն իրեն չի տրամադրել մուտքի արտոնագիր, ինչի հետևանքով նա իր զեկույցի կազմման ժամանակ չի կարողացել ժամանել Ադրբեջան:
Ընդհանուր առմամբ, Ագրամունտի ու Գրեշի կազմած զեկույցը ստացել է աջակցություն, իսկ Շտրասերի զեկույցի շուրջ կարծիքները կիսվել են: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը դատապարտել է մեկ երկրի վերաբերյալ միանգամից երկու զեկույցի քննարկումը՝ ընդգծելով, որ ԵԽԽՎ-ում առաջին անգամ է ականատես լինում նման բանի:
Շտրասերի զեկույցի վերաբերյալ բանաձև չի ընդունվել, քանի որ դրան աջակցել է 74 պատգամավոր, իսկ դեմ է քվեարկել 125 պատգամավոր: Իսկ ահա բանաձև ընդունվել է Ագրամունտի ու Գրեշի պատրաստած զեկույցի վերաբերյալ, որում խոսք է գնում նաև քաղբանտարկյալների խնդրի լուծման մասին: Կողմ է քվեարկել 196, իսկ դեմ՝ 2 պատգամավոր:
Դրանում մասնավորապես առաջարկվում է վերանայել ձերբակալված լրագրողների ու ակտիվիստների գործերը, այն քրեական հետապնդումների օրինականությունը, որոնք կասկածի տակ են դրվել թե՛ տեղի, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից: Ընդ որում, խորհուրդ է տրվում օգտագործել առկա բոլոր իրավական գործիքները՝ այդ բանտարկյալներին ազատ արձակելու համար:
Խորհուրդ է տրվում ելնելով մարդասիրական նկատառումներից՝ ազատ արձակել ենթադրյալ քաղբանտարկյալներին, որոնց առողջական վիճակը մտահոգիչ է: Բացի այդ, խորհուրդ է տրվում ամբողջովին իրագործել Ադրբեջանում ենթադրյալ քաղբանտարկյալների վերաբերյալ բոլոր նախկին բանաձևերը: Բանաձևում նաև խոսք է գնում Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու մասին: