Ոստիկանները բացահայտել են Կապանում կատարված ավազակային հարձակումները․ կան ձերբակալվածներ
Անցած տարվա փետրվարին Կապանում բնակարանային գողության փորձ ու երկու ավազակային հարձակում էր եղել:
Փետրվարի 19-ին, ժամը 21-ի սահմաններում, անհայտ անձը բաց դռնով մտել էր Երկաթուղայինների փողոցի տներից մեկը, բայց միջանցքում հանդիպելով տանտիրոջը՝ դիմել էր փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ժամեր անց նույն թաղամասից կրկին ահազանգեցին. անհայտ անձը պատուհանով մտել էր Երկաթուղայինների փողոցի տներից մեկը, կտրող-ծակող գործիքով սպառնալով թոշակառու տանտիրոջը՝ պահանջել էր փող ու ոսկի, ապա վնասել էր նրա ազդրը, ականջները և ստանալով 120 հազար դրամ ու տուժողի բջջային հեռախոսը՝ դիմել էր փախուստի:
Գույք հափշտակելու նպատակով ևս մեկ հարձակում, որը դարձյալ զուգորդվել էր կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կատարվեց Կապանի Չափնի բնակավայրում՝ փետրվարի 27-ի երեկոյան:
Դիմակավորված անձը պատշգամբով մտել էր տուն, դանակով սպառնացել թոշակառու կնոջը, փող պահանջել և երբ կինը մերժել էր, ծեծել էր նրան, սենյակները տակնուվրա անելուց հետո դրամապանակից փող էր հափշտակել, տանտիրուհու պարանոցից՝ կախազարդով ոսկյա շղթան, և դիմել էր փախուստի:
Ավազակային հարձակման դեպքերով ևս հարուցվել էին քրեական գործեր:
Քրեական ոստիկանության գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների ծառայողները, Կապանի բաժնի ոստիկանները քննչական մարմինների հետ համատեղ ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին, որ հանցագործությունները կատարել են Կապան քաղաքի՝ 43 և 41 տարեկան երկու բնակիչ:
Ապրիլի 28-ին կասկածվողները հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Կապանի բաժին: Նրանք ներկայացվել են տարածքային քննչական մարմնին, տվել խոստովանական ցուցմունքներ ու ձերբակալվել։
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: