Ուղեվարձի թանկացումը արդարացված չէ. հանձնաժողովն առաջարկում է նվազեցնել ուղեվարձը
ՏՄՊՊՀ-ը ստացել է դիմում-բողոք Երևան-Վանաձոր-Երևան և Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղիներից օգտվող ուղևորներից այն մասին, որ նշված ուղղություններով երթևեկելու համար ստիպված են վճարել 200 դրամով ավելի, քանի որ ուղետոմսի արժեքը նախկին 1200-ի փոխարեն դարձել է 1400 դրամ: Այդ մասին «Փաստինֆոյին» տեղեկացրեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանջնաժողովից:
Հիմք ընդունելով վերոնշյալները, Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Երևան-Վանաձոր-Երևան թիվ 403 երթուղին սպասարկող «Գասուռ» և Վանաձոր-Երևան-Վանաձոր թիվ 404 երթուղին սպասարկող «Ոսկեթև» ընկերությունների գործունեությունը` գնային փոփոխության պատճառը պարզելու նպատակով:
Սակագնի փոփոխությունը ուղևորափոխադրողները պատճառաբանել են վառելիքի և ավտոպահեստամասերի թանկացմամբ:
Սակայն ՏՄՊՊՀ ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ուղեվարձի ձևավորման վրա ազդող որևէ գործոն էականորեն չի փոփոխվել:
Հարկ է նաև նշել, որ բոլոր մյուս երթուղիների սակագները մնացել են անփոփոխ:
Քանի որ խնդիրը առաջնահերթ գտնվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում, ապա Հանձնաժողովը վերոնշյալ ուսումնասիրությունների հիման վրա կդիմի նախարարությանը՝ ուղեվարձը նվազեցնելու և նախկին գինը վերականգնելու, այսինքն 1400 դրամից 1200 դրամ դարձնելու միջնորդությամբ: