Հուսահատություն, որ ծնվում է ձանձրույթից
«Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք` երեքը» (Ա Կորնթ. 13:13)
Մեր կյանքում, անշուշտ, լինում են անելանելի թվացող իրավիճակներ։ Այնպիսիք, որոնց արգացումները, ընթացքը և արդյունքը կախված չէ մեզանից։ Օրինակ՝ մեր հարազատի կորուստը, մեզ հետ պատահած անդառնալի, ծանր հետևանք ունեցող դժբախտ պատահարները կարող են պատճառ դառնալ հուսահատության։ Սակայն այսօր սրա մասին չէ, որ խոսելու ենք։
Միշտ չէ, որ մեր հուսահատությունն «արդարացված» է։ Անշուշտ, նման ծանր դեպքերում մենք փնտրում ենք Աստծո ներկայությունը՝ վստահ լինելով, որ Նա էլ մեզ է փնտրում։ Մենք փնտրում ենք մխիթարություն ու սփոփանք՝ դուրս գալու համար հուսահատության անհատակ հորից։ Սակայն լինում են նաև պահեր, երբ մեր հուսահատությունը գալիս է ոչնչից։ Այո՛, կան մարդիկ, որոնց կյանքում ոչ մի սարսափելի երևույթ տեղի չի ունեցել, ոչ մի դժբախտություն ու ծանր փորձություն չի հանդիպել նրանց, սակայն երբ հարցնում ես, թե ինչ վիճակում են հոգեպես, անմիջապես պատասխանում են, որ հուսահատված են։
Այս հուսահատությունն է, որ մարդկանց դնում է անգործության մեջ, լցնում չհաջողելու վախով, անարդարության զգացումով։ Այս հուսահատությունը ոչ թե հաջորդում է մի որևէ ծանր միջադեպի, այլ ինքն է հանգեցնում նման մի դեպքի։ Մարդը հուսահատվում է, չի տեսնում լույսը, որով պիտի առաջնորդվեր, և գլորվում է անդունդը՝ ամեն անգամ ավելի ու ավելի խորը։
Մեր կյանքում երբեմն մենք էլ, հնարավոր է, այս ճանապարհին գտնենք մեզ։ Ամեն անգամ կարիք կա, որ հարցնենք՝ որտեղի՞ց է գալիս իմ հուսահատությունը։ Արդյո՞ք այն գալիս է մեր չսպիացող վերքերից, որոնք պիտի ամոքվեն աստվածային հույսով ու սիրով, թե՞ գալիս է ձանձրույթից՝ ոչինչ չանելուց և ոչինչ չանելու ցանկությունից։ Երկու դեպքում էլ նշանակում է, որ փորձությունների մեջ ենք։ Սակայն մեր այս պատասխանով կկարողանանք ճիշտ դուրս գալ նման իրավիճակից։
Եթե չունենք հուսահատության ոչ մի պատճառ, ունենք առաջին անհրաժեշտության ամեն բան, որ կարևոր է մարդու գոյությունը պաշտպանելու համար, ունենք մեր հարազատներին՝ ողջ ու առողջ մեր կողքին, ուրեմն՝ ևս մեկ անգամ մեզ հարցնենք՝ ինչո՞ւ եմ հուսահատվել։
Եվ եթե մեր պատասխանը կլինի մեր սպասելիքների ու իրականության անհամապատասխանությունը, հիշենք աշխարհում հնարավոր ամեն մի դժբախտության մասին, որոնք կարող էին մեզ հասնել՝ որպես փորձություններ, սակայն Աստծո բարեգթության շնորհիվ հեռու են մեզանից։ Հիշենք և աղոթենք, որ Աստված լցնի մեր հոգիներն անսահման հույսով, քանզի գրված է սաղմոսներում. «Երանի այն մարդուն, ով իր հույսը Աստծո վրա է դրել» (Սաղմ. 2:13), և «Ընտիր են խոսքերը Տիրոջ, Նա ապավեն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա» (Սաղմ. 17:31)։