Դպրոցի տնօրենի պաշտոնի համար պայքարող ՔՊ-ական թեկնածուին սատարող ուսուցիչները գործադուլ են արել
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում մեկ տասնյակ ուսուցիչներ այսօր հրաժարվել են մտնել դասարաններ, փաստացի գործադուլ են իրականացրել։
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառն ապրիլի 21-ին կայանալիք տնօրենի ընտրությունն է։
«Վերջնական փուլն ապրիլի 21-ին է, սակայն ծնողների և ուսուցիչների փակ քվեարկություններն այս հինգշաբթի պետք է լինեն։ Տնօրենի պաշտոնի համար պայքարի մեջ մտած կենսաբանության ուսուցչուհի ՔՊ-ական Սուսաննա Վանեսյանը, ով ինքն է լրագրողների հետ հետ զրույցում այդ մասին հաստատել, դպրոցի ուսուցչուհի ընկերուհիներին պարտադրել է փոխել ծնողական խորհրդի անդամներին, որպեսզի այս անգամ վերջապես կարողանա ծնողներից ևս 2 ձայն ստանալ։
12-րդ «Ա» և 11-րդ «Բ» դասարանների դասղեկներն առանց քվեարկության, առանց օրակարգ նշելու՝ որոշել և իրենց ծնողական խորհուրդների նախագահներին փոխել են։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի ընդունել դա, ասելով՝ ակնհայտ խախտումներ կան, օրակարգն ու արձանագրությունը չի համապատասխանում, և ինչքանով տեղեկացա, ուրբաթ օրն այդ ուսուցիչներին պաշտոնապես պատասխանել է, որ՝ ձեր փոփոխությունները չի ընդունվում, այսինքն՝ նախկին ծնողական խորհուրդն է մասնակցելու փակ քվեարկությանը։ Այս ուսուցիչներն էլ ասել էին՝ եթե դուք մեր պահանջը չեք կատարում, երկուշաբթի գործադուլ ենք անելու, ու այսօր փաստացի գործադուլ արեցին։
Ուշագրավ է, որ 2 դասարանների դասղեկներն էլ տնօրենի պաշտոնի համար պայքարող Սուսաննա Վանեսյանի ընկերուհիներն են, որոնցից մեկին նախորդ ընտրություններից մեկի ժամանակ «պահել» էին, որ քվորում չլիներ, բայց երբ աղմուկ բարձրացավ, եկավ՝ մասնակցեց։ Ի դեպ, այդ նույն ուսուցչուհին նաև կառավարման խորհրդի անդամ է։
Զավեշտն այն է, որ 12-րդ դասարանում, երբ մի ամսից դպրոցն ավարտում է, դասղեկն անհիմն պատճառաբանությամբ ծնող է փոխում, գրել են, որ աշակերտների առաջադիմությունն ընկել է, դրա համար ծնողկոմիտե ենք փոխում․․․»։
Մեր աղբյուրի փոխանցմամբ ուսուցիչները գործադուլը դադարեցրել են միայն 3-րդ դասաժամի կեսից, երբ ոստիկաններ են ժամանել դպրոց․
«Ոստիկաններն ուսուցիչներին հանդարտեցրին, տարան դասի, ժամը 13։00-ին ԿԳՄՍՆ-ից տեսչություն է գալու դպրոց, որպեսզի նաև ծնողների հետ հանդիպեն, տեսնեն, թե ինչի՞ համար են փոփոխություն կատարել։ Բռի կերպով փորձել են իրենց օրակարգն առաջ տանել, իրենց թվում է, թե այդ 2 ծնողին փոխելով՝ իրենց ընկերուհի Վանեսյանն ընտրվելու է»։
168.am-ը կապ հաստատեց Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ։ Նա հաստատեց մեր տեղեկությունը՝ մի քանի ուսուցիչ առավոտյան դասադուլ էր արել, սակայն այս պահին դասապրոցեսը վերականգնված է․
«Այս պահին իրենք դասի են, ամեն ինչ նորմալ է»։