2016թ․ Հայաստանը չէր վախենում հայտարարել Արցախին ուղղակի ռազմական աջակցության մասին. Տոնոյանի հայտարարությունների հետքերով

6 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որին ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»:

Դասական իմաստով՝ սա գուցե հեռու է պատերազմ համարվելուց՝ ելնելով գործողությունների բնույթից և մասշտաբից, բայց տեղի ունեցածը չի կարելի նաև հեշտությամբ մարտական գործողություն որակել և վերջին պատերազմը համարել Արցախյան երկրորդ պատերազմը:

2016-ի ապրիլին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ էր դրել իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են՝ «Սմերչ», «Կասիրգա», «Ուրագան», «Գրադլար», «ТОС-1А» («Սոլցեպյոկ»), իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ, МИ-24G հարվածային ուղղաթիռներ և այլն:

Ադրբեջանը գործողության մեջ էր դրել նաև իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները: Սակայն նման ուժերի և միջոցների ներգրավման պարագայում անգամ հակառակորդին չհաջողվեց հասնել իր առջև դրված խնդրի կատարմանը, իսկ որ այն զուտ մի քանի դիրք գրավելը չէր, ապացուցում էր նաև ապրիլի 2-ին ՊԲ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի ընկնելու վայրից առգրավված գույքը.

– թռիչքային քարտեզներ

– օդաչուի պլանշետը

– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը

– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը

– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան

– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց

– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով

– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս

– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր

– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով:

Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն, մասնավորապես, պարզ էր դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռն էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էր թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով:

Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում էին, որ անձնակազմին խնդիր էր առաջադրվել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել, մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր անգամ ցատկահրապարակ: Ավելին, Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված էր ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:

Չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա:

Ադրբեջանի մարդկային կորուստների թիվը, տարբեր հաշվարկներով, առնվազն 1000 էր: Բացի այս, ադրբեջանական բանակը կորցրել էր 24 տանկ, 4 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն:

Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, ապրիլի 2-5-ը հայկական կողմը տվել է 75 զոհ (63 զինծառայող, 12 պահեստազորային), ունեցել 121 վիրավոր, շարքից դուրս է եկել 14 տանկ (որից 6-ը վերականգնվել է և նորից վերադարձվել շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա:

Ապրիլի 6-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է ևս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային:

Կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելով՝ Ադրբեջանն ինքն էր ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։

Ապրիլյան պատերազմի օրերին որպես ՊՆ առաջին տեղակալ՝ չափազանց լավ է աշխատել այսօր հրթիռների գործով անցնող և անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Այդ օրերին մամուլն անգամ գրում էր, որ Դավիթ Տոնոյանը նաև ԱԳՆ-ի գործն է անում: Գրեթե ամենօրյա ռեժիմով Տոնոյանն ընդունում էր Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդներին, միջազգային կառույցների ներկայացուցչներին, այդ թվում՝ քառօրյայից հետո:

2016-ի ապրիլի 3-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանը հստակ հայտարարել էր. «Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանության»:

Ի դեպ, Տոնոյանը ավելի ուշ հայտարարել էր, որ 2016-ին Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին տեղեկատվություն եղել է:

«Ինչպես տեղյակ եք, ապրիլյան գործողությունները սկսվել են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ հատուկ ստորաբաժանումներն իրենք գործողությունները իրականացնում են ծածուկության պայմաններում: Անգամ այդ պայմաններում եղել է տեղեկատվություն հնարավոր գործողությունների վերաբերյալ»,- 2018-ին «Ազատության» հետ զրույցում ասել էր Դավիթ Տոնոյանը:

«Քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել հասարակ գրանատամյոտով». ինչ էր նկատի ունեցել Տոնոյանը

2020-ի պատերազմի օրերին և դրանից հետո հատկապես շատ քննադատվեցին Դավիթ Տոնոյանի տարբեր ժամանակներում արված մի քանի հայտարարություններ:

Առաջին, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո «Ազատության» հետ զրույցում Դավիթ Տոնոյանը նշել էր, որ 80-ականների զենքը չեզոքացրել է վտանգը, այսինքն՝ ստիպել հակառակորդին իր նախնական մտադրություններից ետ կանգնել: Այնուհետ պատասխանելով հարցին, թե ինչու ՀՀ-ն չի գնում Իսրայելից այն նույն ռազմական արտադրանքը, հատկապես, երբ առաջարկ եղել է, Տոնոյանը շեշտել էր.

«Որովհետև դրա անհրաժեշտությունը չի եղել, մենք այլ լուծումներ ենք տվել դրան, և ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում: Իհարկե, քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաև հասարակ գրանատամյոտով (նռնականետով), դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք օգտագործելը որոշ բաների մասին ասում է»:

Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը վստահեցրել էր, որ վերանայել են վերջին տարիների պաշտպանության ռազմավարությունը, և այդ վերանայման արդյունքներով կազմվել է երկու շատ լուրջ ռազմավարական փաստաթուղթ. դա Զինված ուժերի զարգացման պլանն է և Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանը, հինգ տարվա ծրագրեր են դրանք: Զարգացման պլանով նախատեսված էր ձեռք բերել ժամանակակից, ամենաարդիական զինատեսակներ:

Հասարակությունը, սակայն, շրջանառեց «գրանատամյոտով ավտոբուս խոցելու» մասին հատվածը:

Ավելի ուշ՝ 2020-ի պատերազմից հետո, ՊՆ-ն պարզաբանել էր Դավիթ Տոնոյանի հայտարարությունը իսրայելական ԱԹՍ-ների անարդյունավետության մասին, որում, մասնավորապես, ասվում էր.

«Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ՝ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային և անձնակազմին։

Նշված տեսանյութն ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա է, քանի որ 2016 թվականին կատարված նկարահանման մեջ, այդ ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը խոսել է 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հայկական ուժերի դեմ կիրառված իսրայելական, հիմնականում՝ Harop տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ների մասին, մինչդեռ նրա խոսքերի տակ ցուցադրվում են 2020 թվականին կիրառված բոլորովին այլ, թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի հարվածային ԱԹՍ-ներ։

Այսինքն՝ Դավիթ Տոնոյանը 2016 թվականին խոսել է սպառազինության մեկ տեսակի մասին, իսկ շրջանառվող տեսանյութում նրա խոսքերը վերագրվում են 4 տարի անց կիրառված սպառազինության բոլորովին այլ տեսակի, որը, ի դեպ, Ադրբեջանի սպառազինության մեջ է հայտնվել Արցախի դեմ պատերազմից անմիջապես առաջ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը։

2016 թվականին կիրառված Harop և 2020 թվականին կիրառված Bayraktar TB2 տիպի անօդաչուների միջև տեխնոլոգիական և կիրառական ահռելի տարբերություն կա, և բացարձակ անընդունելի է սպառազինության մեկ տեսակին տրված մեկնաբանությունները վերագրել բոլորովին ուրիշ տեսակի։ Իսրայելական Harop տեսակի ԱԹՍ-ները, որոնք կիրառվել են 2016-ին, հեշտ հայտնաբերելի են, մասնավորապես, նաև շնորհիվ շարժիչի աշխատանքի բարձր աղմուկի, որը լսելի է մեծ տարածության վրա, ինչը հնարավորություն է տալիս անձնակազմին պատսպարվել մինչև հարվածը, մյուս կողմից՝ նաև թիրախավորել դրանք։

Մինչդեռ Bayraktar-ները գործում են անհամեմատ մեծ բարձրության վրա, և դրանց հայտնաբերելը շատ ավելի բարդ է։ Իսրայելական Harop-ները, ինչպես 2016-ի, այնպես էլ 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում, համեմատաբար հեշտ հայտնաբերվում և խոցվում էին հայկական ՀՕՊ ստորաբաժանումների միջոցով։ Մասնավորապես, 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում հայկական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է շուրջ 200 իսրայելական Harop տեսակի ԱԹՍ։ Մինչդեռ թուրքական արտադրության Bayraktar-ները հայտնաբերելն ու ոչնչացնելն անհամեմատ բարդ է՝ շնորհիվ դրանց բոլորովին այլ տեխնոլոգիական բնութագրերի։ Բայց նույնիսկ այդ պարագայում հայկական ուժերին հաջողվել է պատկառելի քանակությամբ Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ ոչնչացնել, ինչի արդյունքում հակառակորդը, որոշ դեպքերում, ստիպված էր ընդհանրապես դադարեցնել դրանց թռիչքները»:

ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար չէր

Երկրորդ, 44-օրյա պատերազմի օրերին ակտիվ շրջանառվեց 2019-ի գարնանն ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հնչեցրած միտքը, թե «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը պետք է վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։

2021-ի հունվարին «Մեդիմաքսին» տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանը բացել էր իր այս մտքի փակագծերը:

«Մոտ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն արձագանք էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որոնք «հիմնավորվում էին» բանակցությունների անարդյունավետությամբ:

Որքան էլ պնդեն Ալիևը և հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման և պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ չէր կարող։ Նույն տրամաբանությամբ՝ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման մասին։ Ավելին, տասնամյակներ շարունակ աշխարհում «չեն նկատում» Ալիևի այն հայտարարությունները, որ «Երևանը պատմական ադրբեջանական տարածք է»:

Պետք է հստակ ամրագրել, որ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումից հրաժարված կողմն Ադրբեջանն էր։ Բանակցային գործընթացի խաթարման և պատերազմի նախաձեռնողը Իլհամ Ալիևն էր ու նրան հրահրած և բազմակողմանի աջակցություն ցուցաբերած Թուրքիան:

Իմ խորին համոզմամբ՝ 1994 թվականից հետո հայկական զինված ուժերի կողմից զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում առաջնագծի ամրաշինմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպումը և զինված ուժերի հագեցումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմատեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը։

Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը՝ պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։

Վստահաբար՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը։ Երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով և հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի:

Ուստի, 26 տարի վարվող պաշտպանական և արտաքին քաղաքականության շրջանակներում՝ առկա սոցիալական և ժողովրդագրատնտեսական հնարավորությունների սահմաններում ոչ պատերազմական պայմաններում ապահովվել է չորրորդը՝ հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունը»,- ասել էր Տոնոյանը:

Ի դեպ, այս միտքը Դավիթ Տոնոյանն առաջին անգամ հնչեցրել էր 2015-ին՝ tert.am-ի հետ զրույցում:

Այն ժամանակ հասարակությունը և լրագրողական, փորձագիտական շրջանակները սա համարեցին բավականին համարձակ հայտարարություն, ինչպիսին ղեկավարությունից դեռ չէին լսել:

«Իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ»,- հայտարարել էր Տոնոյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ պատերազմի դեպքում հայկական կողմը պետք է գործողությունները տեղափոխի հակառակորդի տարածք, Տոնոյանը «Մեդիմաքսի» հետ զրույցում նշել էր, թե չեն չհասցրել պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ։

«Գրոհային ստորաբաժանումների ստեղծումը և դրանց պատրաստումը հակառակորդի տարածքում գործելու համար, Զինված ուժերի համալրումը բազմաֆունկցիոնալ կործանիչներով, տարատեսակ ԱԹՍ-ներով և գերճշգրիտ հրթիռահրետանային համակարգերով, ինչպես նաև հետախուզական և հատուկ նշանակության կարողությունների զարգացումն ի վերջո բերելու էին հայեցակարգային փոփոխությունների:

Սակայն ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված և Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել»,- եզրափակել էր միտքը Տոնոյանը:

Ի դեպ, 2019-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Կան այնպիսի ուժեր և գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ: Ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

Լրագրողների հետ զրույցում այս մտքին արձագանքելով՝ Դավիթ Տոնոյանն ասել էր.

«Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»:

 Հետաքրքիր է՝ 44-օրյա պատերազմի համատեքստում Դավիթ Տոնոյանը դավաճանական ոչ մի գործողություն չտեսա՞վ, թե՞ տեսավ ուշ, երբ հնարավոր չէր չեզոքացնել:

Տեսանյութեր

Լրահոս