Նիկոլ Փաշինյան․ մունիցիպալ ռազմաճակատի գեներալիսիմուսը

Իշխանության գործունեության որակը, բացի ուղղակի չափանիշներից, գնահատվում է նաև դրա կողմից հանրությանը հղվող ուղերձներով, որոնք հասարակության համար կարող են վարքագծային կողմնորոշիչներ և արժեքային նորմեր դառնալ։ Ուղղակի և անուղղակի տարբեր գործողությունների, հայտարարությունների, ակնարկների միջոցով իշխանությունը հանրությանը, նաև արտաքին աշխարհին ցույց է տալիս, թե որոնք են իր առաջնահերթությունները։

Լավ կառավարել նշանակում է՝ նաև հնարավորինս ճշգրտորեն ընտրել պետության ու հասարակության հիմնական առաջնահերթություններն ու գերակայությունները և առաջնորդվել դրանց համապատասխան ռազմավարությամբ ու ծրագրերով։ Իշխանության դեմքը ըստ էության բացահայտվում է հենց նրա ընտրած առաջնահերթություններով։

Առաջնահերթությունների գնահատումը թույլ է տալիս նաև հասկանալ, թե ի՞նչն է ավելի կարևոր տվյալ իշխանության համար, օրինակ՝ պետությո՞ւնը, թե՞ իշխանությունն ինքնին, երկրի անվտանգությո՞ւնը, թե՞ իշխող խմբակի պաշտոնների թիվը։ Այս հարթությունում Նիկոլ Փաշինյանն առանց ավելորդ ձևականությունների ցույց է տալիս, որ իրականում թքած ունի Հայաստանի ու Արցախի անվտանգության վրա, և, որ իր համար կարևորն ու առաջնայինն իր կուսակցության զբաղեցրած պաշտոնների քանակն է։

Անցած մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը դա ապացուցել է առնվազն երկու անգամ։ Մեկ շաբաթ առաջ, երբ Ադրբեջանի զինուժն առանց կրակոցի գրավեց Արցախի Փառուխ գյուղն ու դիրքավորվեց ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքում, Նիկոլ Փաշինյանն իր պաշտպանության նախարարին գործուղեց ոչ թե Արցախ, որի իրավունքից, ըստ ամենայնի, Ալիևն իրեն զրկել է, այլ Վեդի՝ մասնակցելու հերթական ՔՊ-ական էքսցենտրիկի քարոզարշավին։ Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին՝ Ադրբեջանը գրավեց Քարագլուխը, ՔՊ-ն՝ Վեդիի քաղաքապետարանը։

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանական ախորժակն անսահման է, նա միայն Վեդիով չի սահմանափակվում։ Այն նույն օրերին, երբ Փառուխում իրավիճակը շարունակում է լարված մնալ, երբ հնարավոր պատերազմի սպառնալիքի մասին խոսում է նույն ինքը՝ Փաշինյանը, հաջորդ օրն Ազգային ժողով է ուղարկում օրինագիծ, որի նպատակը Վանաձորի ընտրված քաղաքապետից պաշտոնը խլելն ու դրանում հերթական ՔՊ-ականին նշանակելն է։

Այսինքն, այս դեպքում ևս Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղում, որ իր համար կարևորը ոչ թե Արցախի ու Հայաստանի անվտանգությունն է, այլ տեղական նշանակություն մի պաշտոն, որը կարևոր է ընդհանուր իշխանության պահպանման տրամաբանության շրջանակներում։ Սա շատ վտանգավոր ուղերձ է ոչ միայն հասարակության համար, այլ նաև արտաքին աշխարհում Հայաստանի ընկալման տեսանկյունից։ Հասարակությունը տեսնում և հասկանում է, որ իշխանության համար առաջնահերթությունը ոչ թե երկրի անվտանգությունն է, այլ ճղճիմ պաշտոնները, ինչը հիմք է տալիս թաղվելու սեփական կենցաղային խնդիրների մեջ՝ անտարբերություն ցուցաբերելով Արցախի ու Հայաստանի հետ կատարվողի նկատմամբ։

Իսկ աշխարհը տեսնում է, որ այս երկրի իշխանության համար կարևորը ոչ թե անվտանգային, ռազմավարական, այլ մունիցիպալ բարձունքներն են, և համարժեք կարծիք ու վերաբերմունք է ձևավորում Հայաստանի նկատմամբ։

Հայաստանն ունի իշխանություն, որը քաղաքապետի պաշտոնի համար պատերազմում է ներքին հակառակորդների հետ, իսկ ռազմավարական նշանակության բարձունքներն արտաքին թշնամուն է հանձնում՝ առանց պատերազմի, առանց կրակոցի անգամ։

Այս հակադրությունը Հայաստանի ներկայիս դեգրադացվածության խտացված բացատրությունն է։ Հայաստանն ու Արցախն ապրում են աբսուրդում, որի ամեն օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ամրացնում է սեփական իշխանությունը՝ երկրի անվտանգության թուլացմանը հակադարձ համեմատական կարգով։ Նա այս էլ որերորդ անգամ ապացուցում է՝ իր համար իշխանությունը կարևոր է այնքան, որ այն պահպանելու համար պատրաստ է հանձնել ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի այն մասը, որը կցանկանան խաղաղության դարաշրջանի գծով իր պարտնյորները։

Այն առաջնահերթություններով, որոնցով այսօր ապրում է Հայաստանը, պետությունը չի կարող ոչ միայն զարգացման հեռանկարներ ունենալ, այլ անգամ գոյատևել ժամանակի հարաբերականորեն երկար հատվածում։ Բայց դա հասարակության շատ քիչ մասին է մտահոգում, որովհետև մեծ մասը՝ հետևելով իշխանության առաջնահերթություններին, պետությունը դասում է չորրորդական, վեցերորդական կարևորության շարքին։ Եթե, իհարկե, դեռևս ընդհանրապես կարևորում է պետությունը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս