Ոստիկանությունը հերթական գնումը կատարեց՝ չնայած Ֆիննախի դիտարկմանը, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է
Այսօր գործադիրը հերթական նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, թույլատրեց ՀՀ Ոստիկանությանն առանց մրցույթի 564 մլն 289 հազար դրամի գնում կատարել:
Ինչպես նշվում է նախագծում՝ ոստիկանությունն այս գումարով ձեռք է բերելու 400 հազար հատ հին նմուշի և 7736 հատ կենսաչափական անձնագրերի բլանկներ: Ընդ որում, կենսաչափական անձնագրերի բլանկները նախատեսվում է ձեռք բերել «ՀՄԱ» գնման ձևով՝ հրատապությամբ:
Ըստ հիմնավորման՝ 2022թ. մարտի մեկի դրությամբ տպագրված անձնագրերի պահեստում առկա մնացորդը չի բավականացնի մինչև տարեվերջ պահանջարկը: Որպես ակնկալվող արդյունք է նշվում ՀՀ քաղաքացու անձնագրերի տրամադրման անընդհատության ապահովումը։
Նկատենք՝ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի n 2121-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու, գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» հարցի վերաբերյալ Ֆինանսների նախարարությունը հետևյալ դիտարկումն է կատարել.
«Առաջարկվող գումարը կառավարության պահուստային ֆոնդից հատկացնելու կապակցությամբ հարկ է նշել, որ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդն ուղղվում է պետական բյուջեում չկանխատեսված հրատապ ելքերին և բյուջետային տարվա ներկա փուլում գումարների ոչ նպատակային իրացումը կարող է խաթարել նման դեպքերի ֆինանսավորման ապահովումը: Բացի այդ, ներկա ժամանակահատվածում ընթացիկ տարվա համար ծրագրված բյուջետային մուտքերի սպասողականը հստակ գնահատել հնարավոր չէ, և այս պարագայում մակրոտնտեսական ցուցանիշների (ՀՆԱ-ի աճ, եկամուտների աճ և այլն) պատշաճ կատարման ռիսկը կրում է կառավարության պահուստային ֆոնդը:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է ՀՀ կառավարության որոշումներով, որոշումների նախագծերով՝ առաջարկում ենք, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը որպես ֆինանսավորման աղբյուր դիտարկելիս` պահուստային ֆոնդից գումարների հատկացման հարցը քննարկել և որոշում ընդունել համապատասխան նախարարական կոմիտեներում՝ հաշվի առնելով առկա առաջնահերթությունները»:
ՀՀ ոստիկանությունն այս դիտարկումներն ընդունել է ի գիտություն՝ տեղեկացնելով. «Ինչպես նշված է տեղեկանք-հիմնավորման մեջ անձնագրերի ձեռքբերման նպատակով ընթացիկ տարվա հատկացումներն ըստ էության ամբողջությամբ օգտագործվել են նախորդ տարի կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, քանի որ նախորդ տարվա պայմանագրերով նախատեսված խմբաքանակները մատակարարվել են ընթացիկ տարում (հունվար ամսվա ընթացքում), իսկ տվյալ նախագծով նախատեսվող քանակներն անհաժեշտ են ընթացիկ տարվա պահանջարկն ապահովելու համար»:
Հիշեցնենք, որ դեռևս մարտի 15-ին Ոստիկանությունը մեկ անձից գնման եղանակով ծառայությունների ձեռքբերման պայմանագիր էր կնքել «Ալիկանտե» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմում էր 755 միլիոն 940 հազար դրամ: