«Ուկրաինական պատերազմի ավարտից հետո շատ բան է փոխվելու»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միացյալ Եվրոպան հաջողված բրենդ է։ Հիմնական իմաստն այն է, որ Եվրոպայի ժողովուրդները երկարատեւ պատերազմներից հետո կարողացել են գալ համաձայնության’ մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, հարցերը խաղաղ եղանակով, բանակցությունների միջոցով լուծում։ Դա հանգեցրել է խաղաղության, բարեկեցության ու ընդհանուր ստանդարտների հաստատմանը, եւ ամենակարեւորը’ միասնական եվրոպական ինքնության։ Կարճ ասած, բազմաթիվ մտածողների ուտոպիստական երազանքները կյանքի են կոչվել։

Արդյունքում բոլոր մերձեվրոպական ազգերը ձգտում են դառնալ եվրոպացի, այսինքն միանալ ԵՄ-ին։

Սա էր վերջին 30 տարվա ուկրաինացիների, վրացիների, անգամ թուրքերի եւ մյուսների ազգային նպատակը։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ կլինի, եթե եվրոպական նախագիծը տապալվի։ Ինչի մասին են երազելու այդ ազգերը, նաեւ արդեն ԵՄ անդամները։ Դա ինքնության կորուստ է նշանակում, դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով։ Համընդհանուր ֆրուստրացիան ու արժեքային դեգրադացիան կարծես թե տրամաբանական սպասելիք է։

Ուկրաինական պատերազմի ավարտից հետո շատ բան է փոխվելու, սկսվելու է վերաարժեքավորման, վերաիմաստավորման փուլը, նաեւ խոսակցություններ, թե արդյոք ԵՄ բրենդն իրոք այն էր, ինչը մտածում էին, արդյոք դա ինքնաբավ ու լիարժեք նախագիծ էր, արդյոք եվրոպական սուվերենություն գոյություն ունի։ Այդ ամենը առջեւում է, սակայն պրոցեսը սկսվել է»։

Տեսանյութեր

Լրահոս