«Հերոս ժողովուրդ ենք, բայց այսօր ոնց որ ջախջախված լինենք». Քաղաքացի

«Իմ նպատակը մեր երկրի անվտանգությունն է, ուրիշ ոչ մի բան. 20 տարի ծառայել եմ բանակին: Երասխավանի բարձունքները որսորդական հրացաններով բարձրացել ենք, ազատագրել ենք, բանակ ենք կազմավորել, անկախություն ենք ձեռք բերել, և եթե այսօր ասում են՝ հետ նահանջեն թե՛ այս կողմից, թե՛ այն կողմից, ապա նրանք գալու են՝ բարձրանան մեր դիրքերը»,- Փոքր Վեդիում 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Հեղինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրեն որպես Ջեմմա են ճանաչում:

Նա նշեց, որ Վեդիում ով էլ ընտրվի, պետք է չչարաշահի ընտրողների վստահությունը. «Մեր ժողովուրդը արժանի է լավ ապրելուն: Մենք հերոս ժողովուրդ ենք, բայց այսօր ոնց որ ջախջախված լինենք»:

Ինչ վերաբերում է Փոքր Վեդիի խնդիրներին, նա նշեց, որ ժողովրդի վիճակը լավ չէ, ոռոգման ջուր չկա, սերմացուներն ու պարարտանյութերը թանկացել են.

«Ես դիմանում եմ, չեմ բողոքում: Ինձ համար ամենաառաջնային խնդիրը մեր երկրի սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունն է, զինվորների հետ միասնական լինելու գաղափարը: Այսօր մեր վիճակը շատ վատ է, եթե կորցնենք Արցախը, կշրջենք Հայոց պատմության վերջին էջը. Սա էլ Մոնթե Մելքոնյանն է ասել: Պատմությունը կրկնվում է, ուղղակի պետք է միասնական լինենք, կամքի ուժ ունենանք, ասում է՝ վախկոտն ամեն օր է մեռնում. Վախկոտ չլինենք, չվախենանք, պահանջենք այն, ինչը որ մերն է, և պաշտպանենք: Ներողություն, բայց ասում են՝ գժին էլ որ կնիկ ես տալիս, երեխա է ունենում, բայց այդ երեխային պետք է պահել. Այսօր հողեր ենք ազատագրել՝ պետք է պահենք, բանակ ենք պահում, պետք է հզորացնենք: Ժողովուրդն էլ լավ ապրի, ես ճոխության հետևից չեմ գնում, 10 տարի է՝ զորացրվել եմ, դեռ զինվորական համազգեստով եմ թե՛ տանը, թե՛ դրսում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս