«Ըստ էության Նիկոլ Փաշինյանը կողմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս և կորցնի իր հայկականությունը». Գառնիկ Դավթյան
Մարտի 25-ի առավոտյան Արցախի Պաշտպանության բանակը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետության ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ են վերցրել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Նույն օրվա կեսից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ նաև «Bayraktar TB-2» տիպի:
Երեկ ստացած տեղեկությունների համաձայն՝ հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել էր ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, և ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ 14-ը վիրավորվել էին։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն անդրադառնալով ադրբեջանական կողմի սադրանքներին և հեռահար նպատակներին, փոխանցեց՝ դեռևս 2 շաբաթ առաջ է ասել, որ թշնամին ցանկանում է Խրամորթում ռազմավարական դիրք վերցնել, որին ուղղված թշնամու քայլերն ավելի ակնհայտ դարձան մարտի 24-ին։
«Փառուխն ու Խրամորթն իրարից ուղիղ գծով մոտ 4 կմ են հեռու, իսկ առանց ուղիղ գծի՝ 6-7 կմ։ Իսկ Քարագլուխ բարձունքն անմիջապես Խրամորթի հարևանությամբ է, եթե այդ բարձունքին թշնամին տիրանա, ապա հնարավորություն է ունենալու իր վերահսկողության տակ պահելու Ասկերանի մյուս գյուղերը, էլ չասեմ, որ այդ դիրքերից ավելի լավ կկարողանան հսկել Ակնայում կատարվող աշխատանքները։
Բնականաբար, Ադրբեջանը փորձում է օգտվել ռուս-ուկրաինական լարվածությունից։ Ասեմ նաև, որ շատ տարօրինակ եմ համարում Նիկոլ Փաշինյանի՝ հինգշաբթի օրը կառավարությունում արած հայտարարությունն Արցախի հայաթափման վտանգի մասին, ինչն ինձ համար առնվազն ծիծաղելի է։ Եթե նայենք օրեր առաջ Արցախում թշնամու իրականացրած սադրիչ գործողությունները՝ ականանետերի կիրառումը, խաղաղ բնակավայրերի վրա կրակելը, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը փաստացի ասաց, որ խուսափում է որևէ գնահատական տալ այդ ամենին։
Այս ամենը կասկածներ է առաջացնում՝ ինչո՞ւ հենց հիմա, այսինքն՝ հայկական կողմի քայլերն անհամաչափ են ու ժամանակավրեպ։ Հաշվի առնելով, որ հայկական կողմը հայտարարեց, թե որևէ անընդունելի բան չի տեսնում Ադրբեջանի առաջ քաշած կետերի մեջ, համաձայնել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ըստ այդմ ընդունել, որ Արցախը նրանց ներքին խնդիրն է, ուստի Ադրբեջանն այժմ դե ֆակտո իրականացնում է այդ գործառույթը։ Այսինքն՝ Արցախը համարում է իր ներքին խնդիրը, համարելով, որ այդ հատվածում կրակոցներ չեն եղել, քանի որ չի ցանկանում երրորդ կողմի հաշվետվություն տալ»,- նշեց Գառնիկ Դավթյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանն արդեն ինքն իր համար ուղենիշը գծել է, որ Արցախը լինելու է իր տարածքային ամբողջականության ներքո, որին համաձայնել է Հայաստանի ղեկավարությունը՝ իր վարած քաղաքականությամբ։ Հետևաբար՝ ակնկալել, որ ադբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները կթողնեն Փառուխը և կվերադառնան իրենց ելման դիրքեր՝ դժվար է։ Այստեղ կա նաև ռուս խաղաղապահների խնդիրը, այսինքն՝ խնդիրը ՀՀ իշխանությունների կողմից ռուս խաղաղապահների ուսերին դնելով և ոչինչ չանելով՝ խաղաղապահներին Արցախում դնում են թիրախի տակ։
«Այսինքն՝ ձգտում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները լավ չեն կատարում, որպեսզի Արցախում ստեղծվի հակառուսական տրամադրություններ։ Բավականին բարդ պրոցես է ընթանում, ավելի քան վստահ եմ, որ հայկական կողմից Թուրքիայի հետ կա համագործակցության պլան, որը նպատակ ունի Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու։ Սրա վառ օրինակը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն է և արդեն դրան հետևած գործողությունները»,- հավելեց փորձագետը։
Հարցին՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ այդ պահին կանգնած են, մինչդեռ դրանից հետո ադրբեջանական կողմն առաջ է եկել և հայտարարում է, որ հայկական կողմը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ինչո՞ւ հայկական կողմը չի բարձրաձայնում, որ Ադրբեջանը խախտում է ստանձնած պարտավորությունները, Գառնիկ Դավթյանը պատասխանեց, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից։
«Հայկական կողմը նպատակ է դրել Ռուսաստանին տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ խաղաղապահներին թիրախավորել, նրանց տարածաշրջանից հեռացնելու համար։ Հայաստանը եռակողմ հայտարարության մի կողմն է, և այդ հայտարարության տակ կա Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, հետևաբար՝ նա ավելի քան պարտավոր է հետևողական լինել, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտականությունները։
Նա պարտավոր է կոչերով, հեռախոսազանգերով, հայտարություններով ստիպի Ադրբեջանին կատարել պարտականությունը։ Սակայն այս կառավարությունը մտածում է, որ խնդիրները բարդելով երրորդ կողմի՝ Ռուսաստանի վրա, կազատվեն խնդրից, ու Ռուսաստանը թող հարցը լուծի։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ իրավիճակն օրեցօր ստանում է բացասական հետևանքներ, և դրանք ապագայում կարձանագրվեն փաստաթղթով։ Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանից ստանա փաստաթուղթ, որը կամրագրի, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», որի դեպքում չեն կարող Արցախը դուրս թողնել։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը կողմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս և կորցնի իր հայկականությունը»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։