Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից
Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն աշխատանքից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն. 168.am-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգու աշխատակիցները փետրվարի 24-ին բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելով:
«20 օրից ավելի է, ինչ կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է տիրում: Կենդանիների անկում է, իրականացվում է կադրային ջարդ, ու պատկան որևէ մարմնից ոչ մի բացատրություն չկա»,- լրագրողներին ասել էին նախկին աշխատողները:
Գարեգին Խլղաթյանը, ով օրերս էր աշխատանքից ազատվել, ասել է, որ եղել է թռչունների բաժնի ավագ խնամող և բազմիցս բարձրաձայնել է, որ կենդանիները սոված են, կեր չունեն:
Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն էլ հակառակն էր պնդել ու փաստեր հրապարակել:
«Թռչունները դեկտեմբեր և հունվար ամիսներին միայն աղացած գարի են կերել, դրա համար էլ սատկել են։ Կցում ենք ապացույցները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ տեղեկացրել էր, որ Քաղաքապետարանը հատուկ ուշադրություն է դարձնում Կենդանաբանական այգու շուրջ ստեղծված իրավիճակին՝ կապված կենդանիների անկման, սննդի մատակարարման և այլ հարցերի հետ: Այժմ աուդիտ է անցկացվում: