Ավելի դաժան, քան 44-օրյա պատերազմն էր. այսպիսին կարող է լինել Փաշինյանի բացած ստորացման դաժանագույն դարաշրջանը. Կիվիրյան

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ, թվերը ճշտվում էին:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն ընդգծեց՝ Ադրբեջանը երբևիցե չի հրաժարվել ամբողջ Արցախն օկուպացնելու իր քաղաքականությունից, ուստի հիմա, երբ ռուս-ուկրաինական պատերազմը երկարում է, օգտվում է առիթից՝ նպատակին հասնելու համար։

«Ադրբեջանի նպատակն է՝ հայաթափել Արցախը՝ դրա համար վերահսկողություն հաստատելով Արցախի մնացյալ հատվածի նկատմամբ։

Ադրբեջանն ստեղծում է այնպիսի պայմաններ, որ մարդիկ թողնեն ու հեռանան Արցախի մնացյալ հատվածից, ինչը թույլ չտալու համար է, որ Արցախում տեղակայվել է ռուսական խաղաղապահ առաքելություն, ուստի արցախահայությունը հիմա պետք է պահանջի ռուսական կողմից՝ կատարել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»,- ասաց Կիվիրյանը։

Վերլուծաբանի փոխանցմամբ՝ ըստ եռակողմ հայտարարության, Արցախում Հայաստանի Զինված ուժերը պետք է այլևս չլինեն, և արդեն մի քանի զորակոչ է՝ ինչ Հայաստանից Արցախ զորակոչ չի գնում, որովհետև ռուսական կողմը գտել է, որ իրենք են ստանձնել արցախահայության անվտանգության ապահովումը։

«Ուստի, Արցախի ղեկավարությունը պետք է պահանջի ռուսական կողմից ոչ միայն կատարել իր ստանձնած պարտավորությունները, այլ նաև հստակ ասել, թե արցախահայությանն ի՞նչ է սպասվում։ Իր պարտականությունները պետք է կատարի նաև Հայաստանը՝ ստեղծելով անվտանգային համակարգեր, լիարժեք բանակ և բանակային այնպիսի ստորաբաժանումներ, որոնք Արցախին սպառնացող վտանգի դեպքում կմտնեն Արցախ ու կապահովեն արցախահայության անվտանգությունը՝ անկախ խաղաղապահների գործողություններից, սակայն Հայաստանն իր այդ պարտականությունը չի կատարում»,- ասաց Կիվիրյանը՝ ընդգծելով, որ չի բացառում Արցախում ռազմական գործողությունները, իսկ, թե դրանց կմասնակցե՞ն խաղաղապահները, թե՞ ոչ, կորոշի մեկ մարդ։

«Ռազմական գործողություններին խաղաղապահների ակտիվ մասնակցությունը որոշելու է միայն մեկ մարդ՝ Պուտինը։ Մի բան ակնհայտ է՝ որքան էլ ուզում ես՝ խաղաղապահ ունեցիր, առաջին հերթին արցախահայությունն է ապահովելու Արցախի անվտանգությունը»,- ասաց նա։

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ այս պարզ ճշմարտությունը, սակայն, Հայաստանի իշխանությունն ունակ չէ ընկալելու, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարութան նիստում երեկվա ելույթը ցույց է տալիս այդ անձնավորության քաղաքական սնանկությունը։

«Արտիստիզմով այդ ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ անձը չունի պետական ստրատեգիա. երբ նրա բոլոր ելույթներից հանում ես լիրիկական զեղումները, տակը ոչինչ չի մնում։ Փաշինյանի ասածները մանկական հայտարարություններ են, որին Ադրբեջանը երբեք ուշադրություն չի էլ դարձնում, որովհետև ունի հստակ քաղաքականություն՝ Արցախի վերաբերյալ, իսկ Հայաստանում մարդիկ չեն հասկանում, որ Փաշինյանը բացել է ստորացման դաժանագույն դարաշրջան, ինչը կարող է ավարտվել շատ ավելի դաժան, քան 44-օրյա պատերազմն էր. դա կարող է բերել ազգի բնաջնջման։ Մենք չունենք որևէ երաշխիք, որ վաղը չի ընկնելու Սյունիքը կամ Հայաստանի որևէ այլ տարածք. չէ՞ որ երեկ ասաց, որ Երասխում հայկական կողմը իր վերահսկողության տակ է պահում ադրբեջանական տարածք, հետևաբար՝ թող հստակ ասի՝ այդ ո՞ր տարածքն է. Դա ասաց՝ ակնարկելու համար Երասխում նոր տարածքային կորստի մասին»,- Փաշինյանի ելույթի ենթատեքստը պարզաբանեց Կիվիրյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս