Վլադիմիր Կարապետյանն Ուկրաինայի ռադայի «թեման փակողը չէ»
Ի աջակցություն Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների Ուկրաինայի Գերագույն ռադայի աղաղակող գրառումը ցնցել է հայաստանյան հասարակությանը: Նախօրեի երեկոյան Ռադայի պաշտոնական թվիթերյան էջում Ադրբեջանին «ոգևորող» հավանության նշաններով լկտի գրառում էր տեղադրվել. «Ադրբեջանը առաջխաղացում է սկսում Արցախում»:
Հայաստանյան սուր արձագանքների ֆոնին գրառումը ջնջվել է, սակայն ուկրաինական կողմը պաշտոնապես որևէ ափսոսանք չի հայտնել տեղի ունեցած դիվանագիտական մեծ անախորժության կապակցությամբ:
Սակայն ուշագրավն այն է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն Ուկրաինայի համապատասխան մարմիններին հանգամանորեն ներկայացնելու փոխարեն՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, կարճ անդրադառնալով սկանդալին, նշել է. «Հարցը համարում ենք փակված»:
Ի գիտություն դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն հարցերը փակելու գործն իրեն չէ, որ վերապահված է, այդ հանգամանքը գնահատում է ոչ թե ինքը, այլ իր և մյուս դիվանագետների աշխատավարձն ապահովող հարկատուն: Ակնհայտորեն հարցը փակված չէ հասարակության համար, քանի դեռ համապատասխան ներողություն չի եղել ուկրաինական կողմից, քանի դեռ չի եղել սպառիչ մեկնաբանություն այս թեմայով՝ հատկապես այն հավասարակշռված դիրքորոշման պարագայում, որ Հայաստանը դրսևորում է Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր բոլոր միջազգային հարթակներում:
Ի դեպ, այդ հավասարակշռված դիրքորոշումը հետպատերազմյան Հայաստանի համար արտաքին քաղաքական բարդ դիրքորոշում է՝ հաշվի առնելով հայ-ռուսական դաշնակցային գործընկերության բնույթը: Հետաքրքիր է, իսկ Ուկրաինայում ՀՀդեսպան Վլադիմիր Կարապետյանի համար ուկրաինական բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշումն է՞լ է փակված, կամ գուցե փակված է հենց Արցախյա՞ն թեման: