Ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան (Ստեփանավանի ոլորաններ) ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։