«Своих не бросаем?». Հրանտ Եպիսկոպոսյան
«СВОИХ НЕ БРОСАЕМ?»
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը մտել է մի փուլ, որտեղ չի կարող չլինել ինչպես հաշտարարի, այնպես էլ նրա ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Համառորեն նման գործառույթ է մասնավորապես փորձում ստանձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով խաղալով միանգամից երկու ջութակի վրա` ակնկալում է քաղել թե քաղաքական, թե տնտեսական դիվիդենտներ: Նա այնպես է ոգևորվել այդ հանձնառույթով, որ վերջերս տարածվող ռուսատյացության հենքի վրա որպես բացասական օրինակ է հիշել Մյունխենի ֆիլհարմոնիայից Վալերի Գերգիևի վտարումը, Ուկրաինայում Դոստոևսկու մասին դասախոսությունների արգելումը:
Այս շարքում Էրդողանի կողմից թերևս տեղին կլիներ հիշել և Կռիլովին ու նրա «ծառայամիտ հիմարը թշնամուց վտանգավոր է» տողը, մանավանդ որ ռուս հայտնի առակագիրն Ուկրաինայում արգելանքի տակ է, հանված է դպրոցական ծրագրերից: Սակայն քանի որ Կռիլով ազգանունը նրան կարող էր հիշեցնել 2016-ին Անկարայում ռուս դիվանագետի սպանությունը, վերջինս շրջահայորեն շրջանցված է:
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների պարագայում տնտեսական առումով այն Թուրքիայի համար առավել քան շահավետ գործընկեր է` ապրանքաշրջանառության դիմաց գծագրվող 100 միլիարդ դոլարը շոշափելի գումար է: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական դիվիդենտներին, երբ տնտեսական, ռազմական առումով ամբողջապես կլանված է Ադրբեջանը, իսկ Վրաստանի տնտեսական օկուպացումը գրեթե կայացած փաստ է, Թուրքիայի համար ինչո՞վ խաղարկելի չէ հայկական խաղաքարտը, մանավանդ որ հայաստանյան իշխանություններն ազգակործան «խաղաղության դարաշրջան» քարոզով երկիրն ինտենսիվորեն մղում են Թուրքիայի գիրկը:
Ստացվում է` հեռանալով Հարավային Կովկասից` Ռուսաստանը ոչ միայն վտանգի տակ է դնում երկրի հարավային դարպասները, այլև տարածաշրջանային իր միակ բնական դաշնակցին: Այս դեպքում ինչպե՞ս հասկանալ Վլադիմիր Պուտինի հայտնի «մերոնց չենք լքում» արտահայտությունը: Ի՞նչ է, դա դաշնակիցների չի՞ վերաբերում: Ես հարցս Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղում եմ ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլև որպես անվտանգային համակարգի նույնքան երկարամյա աշխատակից ու գործընկեր:
Հրանտ Եպիսկոպոսյան
ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ
գեներալ-լեյտենանտ, ԱԱԾ պահեստազորի
սպաների միության համահիմնադիր, խորհրդի նախագահ