«Ունենք հաստատված 15 զոհ․ 10-ը խաղաղ բնակիչներ են, 5-ը՝ զինվորականներ, վիրավորների թվի մասին տեղեկություններ չունենք». Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ
Ուկրաինայի հայ համայնքը փորձում է ստեղծված դժվարությունները հաղթահարել այնպես, ինչպես մյուս ազգությունները։ Այս համատեքստում մյուս ազգերից հայերը ոչնչով չեն տարբերվում, միակ տարբերությունը հայության միասնականությունն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների արդյունքում Ուկրաինայում հայ համայնքի ունեցած խնդիրներին։
«Այնտեղ, որտեղ ունենք հասանելիություն, փորձում ենք օգտակար լինել բոլորին։ Ովքեր մնացել են քաղաքներում և չեն կարողանում կամ չեն ուզում դուրս գալ, կարիքավորներին օգնում ենք։ Փորձում ենք նրանց հասցնել այն, ինչ առաջին անհրաժեշտության է։ Կիևում, Խարկովում և այլ քաղաքներում ունենք կամավորական ջոկատներ՝ կազմված երիտասարդներից, որոնք առաջին օրվանից մինչև այս պահն այս ամենով զբաղվում են։ Այս 26 օրվա ընթացքում 15 մեծ մեքենա տարբեր քաղաքներում հումանիտար օգնություն ենք հասցրել։ Այս շաբաթ նման օգնություն կգնա արևելյան Ուկրաինա։ Դրանից հետո արդեն կտեսնենք, թե որտեղ կարող ենք ուղարկել դեղորայք, սնունդ»,- նշեց Դավիթ Մկրտչյանը։
Ըստ նրա՝ ինչպես մյուսները, այնպես էլ՝ հայերը, եթե կարողանում են՝ լքում են Ուկրաինան, գնում են ավելի ապահով վայր, իսկ ովքեր հնարավորություն չունեն կամ չեն ցանկանում՝ պատսպարվում են իրենց տներում։
«Կան օկուպացված քաղաքներ, որտեղ իրավիճակը գնալով ծանրանում է։ Այսօր հաստատեցին, որ բացի Մարիոպոլից, որտեղ մարտի 4-ից լույս, ջուր ու ջեռուցում չկա, արդեն 2 օր է՝ Չեռնիգով քաղաքն էլ է նման վիճակում։ Փառք Աստծո, հայերի մեծ մասը դուրս է եկել այդ քաղաքից, բայց ամեն դեպքում՝ սա երկրորդ քաղաքը կլինի, որը վերածվում է աղետի գոտու՝ Մարիոպոլից հետո։
Մենք Մարիոպոլում ունենք սարսափելի իրավիճակ։ Ձյունն ասֆալտի վրա հալվում է, մարդիկ այդ ջուրն են հավաքում ու փորձում են խմել։ Նման օրինակները շատ են, Մարիոպոլում ռմբակոծությունների արդյունքում շենքերում պատուհաններ չի մնացել, ջեռուցում չկա, մարդիկ բնակարաններում չեն մնում, սառնամանիք է։ Մարդիկ իջնում են ապաստարաններ, սակայն դրանք էլ ռմբակոծվում են»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է հայկական համայնքում եղած զոհերի ու վիրավորների թվին, Դավիթ Մկրտչյանը փոխանցեց, որ վիրավորների թվի վերաբերյալ հստակ տվյալներ չունեն։
«Ցավոք, այս պահին ունենք հաստատված 15 զոհ․ 10-ը խաղաղ բնակիչներ են, 5-ը՝ զինվորականներ։ Նրանք տարբեր մարզերից են, Խերսոնի մարզից կան։ Վիրավորների թվի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նման տեղեկատվություն չենք ստանում հիվանդանոցներից»,- եզրափակեց Դավիթ Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ հայ համայնքում դժվար է ճշտել, թե քանի հայ ընտանիք է դուրս եկել Ուկրաինայից, քանի որ սահմանապահ մարմինները տվյալների բազայից չեն կարող անջատել ազգությամբ հայերին։ Բոլոր տվյալները հավաքվում է մեկ բազայում, և հոսքի մեծ լինելու պայմաններում միայն ազգությամբ հայերի տվյալներն առանձնացնելը դժվար է։