«Ադրբեջանցիները շարունակում են առաջ գալ, հայկական կողմն էլ ասում է, թե ոչինչ անել չի կարող». Աննա Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հնչող տարբեր հայտարարություններ իրենց մեջ պարունակում են ՀՀ տարածքի նկատմամբ նկրտումներ, ինչն ամրագրված է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ստորագրված «Շուշիի հռչակագրում»։

«Այսինքն՝ զարմանալ, թե Ադրբեջանի կողմից առաջ քաշած 5 կետանոց նախապայմանները կարող են լինել «միջանցքի» մասին՝ տեղին չէ, որովհետև կա ամենաբարձր մակարդակով ստորագրված «Շուշիի հռչակագիրը»։ Այնտեղ ամրագրված է, որ Ադրբեջանը ցանկություն ունի վերցնելու ՀՀ սուվերեն տարածքը, որը Նախիջևանը կապում է Ադրբեջանին։ Այստեղ զարմանալի ոչինչ չեմ տեսնում, խնդրահարույց եմ համարում այն կետը, որտեղ խոսվում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Որքան էլ այս իշխանությունները պնդեն, որ տարիներ առաջ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, այդուհանդերձ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա նման բան պահանջում։ Այստեղ ակնհայտ է մի բան, եթե որևէ քայլ չկա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցում, ապա այս առաջին կետով նշանակում է՝ Արցախը թողնել Ադրբեջանին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների 5 կետերին։

Ըստ նրա՝ Ադրբեջանն առաջ է գնում իր պատկերացումներով, հայկական կողմն էլ պետք է առաջ գնա իր պատկերացումներով,  և երբ Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին, հայկական կողմն էլ պետք է խոսի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։ Սակայն, երբ Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականության մասին, հայկական կողմը խոսում է բացառապես Ադրբեջանում բնակվող հայերի իրավունքների և ազատությունների մասին։

«Սրա մասին ցանկացածը կարող է խոսել, բայց Հայաստանը չի կարող առաջ չտանել ազգերի ինքնորոշման թեզը։ Իհարկե, կարճ անդրադարձ կար կարգավիճակի մասին, բայց այստեղ էլ մեծ խնդրահարույց բան եմ տեսնում, բայց գործող իշխանությունը չի բացառում Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,- հավելեց Աննա Գրիգորյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ սահմանային իրադարձությունների վերաբերյալ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները դարձել են ոչ արժանահավատ։ Ըստ այդ հաղորդագրություններից մեկի՝ ՊՆ-ն Ներքին Հանդում ադրբեջանական կողմի առաջ գալու վերաբերյալ ասում է, որ նրանք նոր չեն եկել, ավելի շուտ են եկել։ Այսինքն՝ ՊՆ-ն ասում է, որ` այո, թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, հետո հանգստացնում է մարդկանց, թե՝ ժողովուրդ ջան, մի՛ անհանգստացեք, նոր չի եղել, որոշ ժամանակ առաջ է եղել։

«Ինչո՞ւ նրանց դուրս չեն շպրտել, սա առնվազն անգործություն է։ Այսինքն՝ պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ ադրբեջանական զորքը մտել է ՀՀ սուվերեն տարածք, բայց իրենք ոչինչ չեն արել։ Ադրբեջանցիները շարունակում են առաջ գալ, իսկ հայկական կողմն էլ ասում է, թե ոչինչ անել չի կարող։ Այս իշխանությունների օրոք տեղի է ունենում ադրբեջանցիների շարունակական առաջխաղացում և մեր սուվերեն տարածքի օկուպացիա»,- եզրափակեց Աննա Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս