Պոպուլիստ, մանիպուլյատիվ իշխանությունների վերընտրությունը Սփյուռքի համար երկրորդ ապտակն էր. Մհեր Գարագաշյան
Կանադայում հայկական լոբբինգի աշխատանքը տասնամյակների պատմություն ունի, այն, սկսած 1980-ականներից, ուժեղ թափ էր առել: Եվ հենց այդ ժամանակներից, ըստ էության, Կանադայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ փորձեր են կատարվել: Մասնավորապես, 2002թ․ հունիսի 13-ին Կանադայի Սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել, որում, մասնավորապես, ասվում է.
«ՔԱՆԻ ՈՐ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը խեղաթյուրում է պատմական փաստերը և ժխտում է հայերի ցեղասպանության փաստը,
ՔԱՆԻ ՈՐ Արգենտինայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Ուրուգվայի խորհրդարանները, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության կոտորածները և ճանաչել են, որ դա ցեղասպանություն է նշանակում,
ՔԱՆԻ ՈՐ հայերի ցեղասպանությունը ճանաչվել է նաև Քվեբեկի Ազգային ասամբլեայի, Օնտարիոյի օրենսդրական Ասամբլեայի և Կանադայի եկեղեցիների խորհրդի կողմից,
ՔԱՆԻ ՈՐ ցեղասպանությունը վերապրած հազարավոր հայեր և նրանց սերունդները ներկայումս ապրում են Կանադայում՝ որպես քաղաքացիներ, և հարստացնում են Կանադայի բազմազգ մշակութային ժառանգությունը,
ՔԱՆԻ ՈՐ Կանադան մի երկիր է, որը հպարտանում է օրենքի գերակայությամբ և մարդու իրավունքների ու ազատությունների հարգելով,
ՔԱՆԻ ՈՐ ապրիլի 24-ը դարձել է կանադահայերի և ընդհանրապես ողջ աշխարհում հայկական ծագում ունեցող մարդկանց համար խորհրդանշական տարեթիվ,
ՔԱՆԻ ՈՐ հայերի ցեղասպանության մասին հարցի լուծումը կարող է օգնել նաև Հարավային Կովկասի մի շարք հնագույն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը,
ՈՐՈՇՎՈՒՄ Է, որ այս պալատը կոչ է անում Կանադայի կառավարությանը՝
ա) ճանաչել հայերի ցեղասպանությունը և դատապարտել պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու կամ ժխտելու ամեն մի փորձ, երբ այն կներկայացվի պակաս մեղմ, քան ցեղասպանությունն է, քան մարդկության դեմ կատարված հանցագործությունը, և
բ) ապագայում յուրաքանչյուր տարի ողջ Կանադայում ապրիլի 24-ը նշել՝ որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակի օր»:
2015-ին Կանադայի Սենատը վերահաստատել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում` վերահաստատելով 2002 թվականի հունիսին ընդունած բանաձևը:
Մինչ այս տարբեր տարիներին եղել են նաև Կանադայի Համայնքների պալատների համապատասխան որոշումներ:
168.am-ը Կանադայում հայկական լոբբինգի աշխատանքների և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանի հետ:
– Դրանից հետո ամեն տարի մինչ օրս Կանադայի վարչապետները հավատարիմ են մնացել այդ որոշմանը: 2015-ին, որով հաստատվեց 2002 թվականի հունիսին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, կատարվեց նաև մի շատ կարևոր քայլ, այն է՝ ապրիլի երրորդ շաբաթը ճանաչվեց Ցեղասպանության կանխարգելման շաբաթ, իսկ ապրիլի 24-ը՝ իբրև հիշատակի օր:
Արցախի ազատագրական պայքարից, Հայաստանի անկախացումից և Արցախի անկախությունից ի վեր, բնականաբար, աշխատանքներ տարվեցին նաև այս ուղղությամբ, որում քիչ-քիչ, քայլ առ քայլ առաջ գնացինք՝ սերտացնելու ՀՀ-ի հետ Կանադայի հարաբերությունները: Այսօր Կանադան ինքն է հայտարարում, որ ունի ՀՀ-ի հետ սերտ կապեր, և ոչ միայն պաշտոնական՝ people to people: Երկրորդ ուղղությունը, թե ինչպես կարող ենք խթանել տնտեսական և առևտրային կապերը ՀՀ-ի և Կանադայի միջև: Եվ վերջապես՝ ինչպես կարող ենք հասնել ՀՀ-ում կանադական դեսպանատան բացմանը: Իսկ Արցախի հետ կապված, բնականաբար, ինքնորոշման խնդիրն է, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվել:
Նշեմ, որ Հայ դատի ջանքերով ստեղծվեց Հայաստան-Կանադա բարեկամության խորհրդարանական խումբ, իսկ ավելի ուշ բարեկամության խումբ ստեղծվեց Կանադայի և Արցախի ժողովուրդների միջև: Այս ընդհանուր համատեքստում կարող եմ ասել, որ պատերազմից հետո մեր բոլոր ուժերը փորձաքարի բախվեցին, հետպատերազմյան իրավիճակում փորձեցինք գնահատել մեր արածը, կարողականությունը: Ըստ այդմ՝ ռազմավարական, մարտավարական, մարդուժի առումով ճշգրտումների գնացինք, որպեսզի կարողանանք դիմակայել ներկայի մարտահրավերները: Այսինքն՝ ծանրութեթև արեցինք, թե ինչ պետք է ավելացնենք մեր գործիքակազմում, մարտավարական ինչ նոր մոտեցումներ պիտի ունենանք, և այլն:
Հայ դատի ամբողջ համակարգը՝ լինեն նահանգային թե շրջանային հանձնախմբերը, 99/9 տոկոսով կամավորական ձևաչափով են: Մենք ունենք նաև մեր ժողովրդի աջակցությունը, և մեր համայնքի շնորհիվ է նաև, որ առաջ ենք շարժվում:
Ինչ վերաբերում է հայկական լոբբինգի խնդիրներին Կանադայում, ապա այն նախևառաջ նյութական ոչ բավարար ռեսուրսների հետ է կապված, քանի որ ամեն ինչ հիմնված է նվիրատվությունների վրա: Իհարկե, երբ դիմում ենք ժողովրդին, նրանք իրենց նյութական զորակցությունը հայտնում են, բայց մեր դիմացը թուրք-ադրբեջանական տանդեմն է, որոնք թեպետ ավելի ուշ ակտիվացան, բայց բավականին գումարներ ծախսեցին, ծախսում են: Եվ վերջին տարիներին, երբ մենք ապրիլի 24-ին գնում ենք Օտտավա և նախ մեր հանդիսությունն ենք անում Պառլամենտի շենքի առջև, ապա շարժվում դեպի թրքական դեսպանատուն, միշտ հանդիպում ենք ադրբեջանաթուրքական հակահայկական ցույցի՝ լոզունգներով, կարգախոսներով:
Ի դեպ, 2020-ի պատերազմի ընթացքում ևս մեր կամավորները, մեր համայնքի անդամները ուժերի բացառիկ գերլարում ցույց տվեցին՝ նյութական օգնության, ցույցերի կազմակերպման տեսքով:
Տեղեկացնեմ, որ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ, որը եկել էր Հայաստան և լիազորված է ՀՀ-ում ամրապնդել ժողովրդավարական դրութները, Հայ դատի հանձնախումբը երեք հանդիպում է ունեցել: Մենք նշել ենք՝ ժողովրդավարությունը լավ բան է, բայց նախևառաջ մեր խնդիրն անվտանգությունն է, և եթե այդ անվտանգությունը հարցականի տակ է դրվում, ՀՀ-ում ժողովրդավարությունը չի կարող բնականոն կերպով զարգանալ: Դիոնի հետ Հայաստան այցից հետո չենք հանդիպել, չգիտենք՝ ինչ տպավորություններով է վերադարձել, ինչ պիտի արվի: Սակայն մենք իր հետ եղած հանդիպումներում շեշտել ենք նաև, որ ՀՀ-ում Կանադան պետք է դիվանագիտական ներկայացուցչություն ունենա՝ գոնե դիվանագիտական գրասենյակի մակարդակով: Տեսնենք՝ ուր կհասնենք այս հարցում:
– Ինչո՞վ է պայմանավորված Սփյուռքի պասիվությունը կամ գոնե ոչ ակտիվ պահվածքը, երբ Արցախի անկախ գոյությունը վտանգված է, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը՝ ևս:
– Պետք է ասեմ, որ, այո, պատերազմի օրերին կամ դրանից առաջ դանդաղություն կար, բայց պասիվություն՝ ոչ, քանի որ աշխատանքները միանշանակ շարունակվում են, թեպետ ցուցադրական չկան: Գոնե դաշնակցական երիտասարդները տարբեր առիթներով դուրս են եկել Սումգայիթի խնդրով, ռազմագերիների հարցով: Իսկ նվազ ակտիվ վիճակը պայմանավորված է ահավոր խորը հիասթափությամբ: 44-օրյա պատերազմի ելքը նաև Սփյուռքի համար էր ցնցում:
Հիասթափության թիվ մեկ պատճառը խաբված լինելն էր, 44 օր մեզ համոզեցին՝ հաղթելու ենք, հաղթելու ենք, և վերջում տեսանք, որ խաբվել ենք, դրան չենք գնում: Նոյեմբերի 9-ի պարտվողական, ամոթալի համաձայնագրի ստորագրումն ամբողջությամբ ցնցեց մեզ, Սփյուռքի այն աշխարհը, որի շուրջ մենք՝ որպես հայ մարդ, ստեղծել էինք մեր հոգեկերտվածքը: Մենք գիտեինք, որ ունենք տարածաշրջանի ամենամարտունակը բանակը, և այս հիասթափություններին ավելացավ նաև պոպուլիստ, մանիպուլյատիվ իշխանությունների վերընտրությունը: Սա շատ սփյուռքահայերի համար երկրորդ ապտակն էր, և ոմանց մոտ նույնիսկ, այսպես ասած, հակաՀայաստան դիրքորոշումներ առաջացան, թե այս մարդկանց չի կարելի վստահել, նրանք վտանգավոր են՝ գոնե Դաշնակցության համար: Կուսակցությունը, որ հավատում է մեկ Հայաստանի, մեկ տեսլականի, պետք է նախևառաջ այդ ուղղությամբ աշխատանք տանի, բայց տակավին այդ վերքը բուժված չէ: Ըստ այդմ՝ շատերն այս պատճառով քաշված են իրենց պատյանի մեջ, չեն ուզում ոչ մի բան անել, թեպետ իրենց զգացողությունը, էությունը հայրենիքի կողմն է: Երկրորդ՝ կա գիտակցում, որ ՀՀ-ում գոյություն ունի մեծ ծրագիր՝ հայ-թուրքական, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում, բանակցություններ, դելիմիտացիա, դեմարկացիա:
Մինչդեռ Արցախյան առաջին պատերազմում և Արցախի անկախությունից հետո եղած զոհողությունները Սփյուռքի համար առաջին նախանշաններն էին, որ հայրենիքը նույնիսկ իրենց հեռակա օժանդակությամբ օրեցօր ոտքի կկանգնի, և կունենանք այն Հայաստանը, որը բոլորս երազել ենք: Եվ եթե այս ամենն ավազե դղյակի պես մեկ օրում փուլ է գալիս, բնականաբար, պիտի լիներ այն, ինչ ունենք այսօր: Մենք այսօր փորձում ենք մեր համայնքին, ժողովրդին բացատրել, որ պետք է պետությունն իշխանությունից զատել: Մեր սկզբունքը նույնն է՝ հայրենիքը հավերժ է, ռեժիմներն ու իշխանությունները՝ անցողիկ: Եվ մի օր ազգակործան իշխանությունները դատաստանին պիտի հանձնվեն: Այդ օրը պիտի գա, մենք հավատում ենք, բայց մարդիկ կան, որ չեն ուզում դա տեսնել: Բայց մենք չպետք է թողնենք, որ կտրվի այդ կապը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության:
Մեր վերքերը կառողջանան, բայց սա կարագանա, եթե ՀՀ-ն ունենա ազգային արժեքներ դավանող, Արցախին հավատացող, ՀՀ ժողովրդի անվանգությունն ու բարեկեցությունն ապահովող իշխանություն, որը կիմանա՝ ինչպես դիմակայել աշխարհաքաղաքական վայրիվերումներին, ոչ թե կեղծ արժեքներ դավանող և պոպուլիստ:
– Վերևում խոսեցինք, բայց որպես լրացում՝ Կանադան ինչով կարող է աջակցել ՀՀ-ին, որի վարչապետը թեպետ լավ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Կանադան, ըստ էության, լավ հարաբերություններ ունի նաև Թուրքիայի հետ, մասնավորապես, ռազմական առումով:
– Մենք բարձրացրել ենք հայ ռազմագերիների, ՀՀ սուվեներության խախտման հարցը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի պատմամշակութային կոթողների ապագայի, թուրքական բարբարոսությունների հարցերը: Այս հարցերի լուծումը դանդաղում է, որովհետև Կանադան և Թուրքիան նատօ-ական դաշնակիցներ են, և Կանադան «ձեռքերն ազատելուց» և այս կամ այն ուղղությամբ Հայաստանի համար կամ հայամետ ինչ-որ քայլ անելուց առաջ, այդ փաստը պետք է միշտ նկատի ունենա, նաև՝ ԱՄՆ-ի հետ «հարևանությունը»:
Տեսեք՝ ռուս-ուկրաինական պատերազմի օրինակը, երբ ամբողջ ՆԱՏՕ-ն զորաշարժի ենթարկվեց, այդ թվում՝ քաղաքական: Եվ նույնիսկ ավելին արվեց, քանի որ, օրինակ, Կանադայում մոտ 1.5 միլիոն ուկրաինացի է ապրում, և քվեի խնդիր կա: Մենք մինչև վերջ պայքարելու ենք, որ ուկրաինական պատերազմի թոհուբոհից հետո, երբ Արցախի ինքնորոշման հարցն առաջ գա, Կանադան բռնի այն դիրքը, որը պիտի բռնի: Այսօր, քան երբևէ, Արցախի ինքնորոշման իրավունքն առաջնային է, և այս ուղղությամբ պայքարը շարունակվում է: Որքան պնդեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, առավել շեշտակի կդնենք արցախահայության գոյության վտանգի տակ լինելու հարցը: Սա պետք է նաև Կանադան նկատի ունենա և չարտոնի, և դառնա միջազգային խոսափող՝ որպես մարդու իրավունքների ջահակիր երկիր: Արցախի կարգավիճակի հարցը չպետք է լինի ՄԽ խմբի ֆորմատից դուրս, քանի որ կա նաև թուրքական լուծում՝ 3+3: Արցախի ինքնորոշումն Արցախի ժողովրդի անվտանգության և գոյության երաշխիքն է: Այս բանաձևով ենք ներկայանում Կանադայի տարբեր օղակներում:
– Պատերազմի օրերին հայտնի դարձավ, որ կանադական արտադրության WESCAM CMX-15D օպտիկական համակարգերը տեղադրվել էին Արցախում կիրառված թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների վրա, ինչի շնորհիվ Bayraktar TB2 ԱԹՍ-ները ստացել էին շատ խորը ու լավ պատկերներ: Արդեն հոկտեմբերի 6-ին Կանադայի Կառավարությունը, Կանադան դադարեցրեց Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ հետաքննելու էր դրանց՝ հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվելու փաստը: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ-ը չի արձագանքել Կանադայի՝ այս փաստի հետաքննությանն աջակցելու առաջարկին: Ամեն դեպքում, 2021-ի ապրիլի 12–ին Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածելարտահանման վերահսկման խիստ ռեժիմի համաձայն՝ ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների՝ Թուրքիա արտահանման արտոնագրերը չեղարկելու մասին։
– Ինչ-որ ստվերային գործարք կար, որը հնչեղություն հաղորդեց սրան: Այս հարցում մեզ օգնեցին հետաքննող լրագրողները, պարզվեց, որ տակից գործարքներ են եղել Թուրքիայի հետ: Պատերազմը սկսվեց, և մենք աղմուկ բարձրացրեցինք, և Կանադան դադարեցրեց Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը: Այնուհետ հետաքննություն եղավ, մանրամասներ հայտնի չեն, բայց ընդհանուր եզրակացություն ներկայացվեց, որի համաձայն՝ արգելվեց այդ սարքերի վաճառքը Թուրքիա: Բայց սա եղավ նաև մեր և մեզ հետ համագործակցող հետաքննող լրագրողների ճնշման շնորհիվ: Նվազագույնը կարողացանք դադարեցնել այդ օպտիկական սարքերի մատակարարումը Թուրքիային: Իհարկե, սա մեծ ընդվզում առաջացրեց Թուրքիայում, նույնիսկ Էրդողանը փորձել է հարցն ի նպաստ իրենց լուծել, բայց չհաջողվեց: Այսինքն՝ քաղաքական որոշում կայացվեց հայ համայնքի պայքարի շնորհիվ: