«Ի՞նչն եք քննարկելու, ո՞ւմ 30-ամյա պայքարն եք ոտքի տակ գցում». Էդուարդ Շարմազանովը՝ իշխանություններին

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հայ հանրությունն Ադրբեջանի՝ Հայաստանին ներկայացրած 5 պահանջների մասին տեղեկացել է ոչ թե իշխանություններից, այլ ադրբեջանական մամուլից. ՀՀ իշխանությունները «ջուրն առած բերանները»՝ նստել են։

«Իշխանությունը Ադրբեջանին չի ասում՝ ախպեր ջան, այդ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» որ գրել եք, որևէ կապ չունի Արցախի հետ, այնտեղ նշված չէ, այդ «կարմիր գիծը»  քաշած չէ։ Չեն ասում, որ մենք չենք քննարկելու որևէ կարգավիճակով Արցախն Ադրբեջանի կազմում, դա հայկական կողմի համար «կարմիր գիծ» է։ Ավելին՝ սրանց պատգամավորներից մի քանիսն ասում են՝ դե, մենք պատրաստ ենք քննարկել, ի՞նչն եք քննարկելու, ո՞ւմ 30-ամյա  պայքարն եք ոտքի տակ գցում»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Էդուարդ Շարմազանովը։

Ավելի քան 40 տարի Կիպրոսի տարածքի 38 տոկոսը Թուրքիան օկուպացրել է, հիշեցրեց քաղաքական գործիչը՝ հարց հնչեցնելով, թե այսքան ժամանակ որևէ մեկը լսե՞լ է, որ Կիպրոսի իշխանությունը հայտարարի, որ պատրաստ են այդ տարածքները ճանաչել Թուրքական Կիպրոսի մաս։ Իսկ Նիկոլ Փաշինյանը խուսափում է  հայտարարել, որ Շուշին ու Հադրութն օկուպացված են։

«Հայաստանի 41 քառակուսի կմ-ն օկուպացված է թուրքերի կողմից, իսկ սրանք ասում են՝ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ, յա, իրո՞ք, ի՞նչ առանց նախապայմանների, այ խելոքներ ջան։ Տասնյակ գերիներ Բաքվի բանտերում են, նրանց դատում են, սրանք առանց նախապայմանների հարաբերությունների են գնում, շատ լավ է, ու սա ներկայացնում են՝ որպես խաղաղությո՞ւն, սա խաղաղություն չէ, սա կապիտուլյացիայի շարունակություն է։ Այստեղ կա՞ մեկ բան, որը սպասարկում է հայկական շահը»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս