Բաժիններ՝

Մանկավարժական համալսարանը նոր ռեկտոր ունի

Մարտի 19-ին տեղի է ունեցել Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Ինչպես հայտնում են բուհից, փակ, գաղտնի քվեարկությամբ միաձայն՝ 19 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ ռեկտոր է ընտրվե բուհի երկարամյա պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։

Մինչ քվեարկությունը ռեկտորի պաշտոնի միակ հավակնորդ Սրբուհի Գևորգյանը ներկայացրել է բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը: Նա առանձնացրել է բուհի զարգացման առաջնահերթությունները, ներկայացրել առաջիկա տարիների տեսլականն ու անելիքները մանկավարժական կրթության ճգնաժամի համատեքստում:

Խորհրդի անդամները ռեկտորի թեկնածուին ուղղել են հարցեր, որոնք վերաբերում էին բուհ-դպրոց-շրջանավարտ կապին, միջգիտակարգային հետազոտություններին, դասախոսների մասնագիտական վերապատրաստումներին, ուսումնառության որակի ապահովմանը, ինչպես նաև՝ հետազոտական ձեռքբերումները դպրոց հասցնելու հնարավորություններին, համընդհանուր ներառականության խնդիրներին և այլն:

ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը որպես պետության ներկայացուցիչ վստահեցրել է` բուհը միայնակ չի կարող լուծել ծառացած խնդիրները և այդ գործում պետությունը մեծ անելիք ունի.

«Պետք է մշակվի հատուկ պետական քաղաքականություն, լրացուցիչ գործիքակազմ, ինչի հետևանքով կկարողանանք ունենալ որակյալ ուսուցիչներ: Պետք է ցուցաբերվի համակցված մոտեցում` սկսելով ուսուցչի մասնագիտությունը գրավիչ դարձնելուց»,-հավելել է Խորհրդի նախագահն ու վստահեցրել՝ «Մանկավարժական բուհը մեր երկրի համար ունի վճռորոշ նշանակություն: Յուրաքանչյուրիս աշխատանքից շատ բան է կախված»։

Խորհրդի անդամներն իրենց ելույթներում վստահեցրել են, որ Սրբուհի Գևորգյանի անցած գիտամանկավարժական ուղին, փորձառությունն ու գիտելիքները, երկարամյա նվիրումն աշխատանքին միայն օգտակար կլինեն բուհի ղեկավարման գործում: Նրանք ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել համախմբել ջանքերն ու աջակցել այս բարդ ժամանակներում բուհի ռազմավարության իրագործմանը:

Քվեարկությունից հետո Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և նշել, որ միաձայն քվեարկությունն այն ամուր հիմքն է, որի վրա համատեղ կկատարեն ահռելի աշխատանք: Խորհրդի անունից Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է. «Խորհուրդը Ձեզ հետ գործելու է որպես մեկ թիմ: Ձեր հաջողությունները մեր հաջողություններն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս