Fitch-ը հաստատել է «B+» վարկանիշը Հայաստանի համար
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը, կառավարման և բիզնես միջավայրի որակը, մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության հուսալի հիմքը, ինչպես նաև՝ բարեփոխումների իրականացման ամուր հանձնառությունը: Այս ուժեղ կողմերին հակադրվում են բարձր արտարժութային պետական պարտքը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և աշխարհաքաղաքական ռիսկերը:
Միջազգային վարկանիշային գործակալությունից կանխատեսել են, որ Հայաստանի վրա բացասաբար են ազդելու Ռուսաստանում ճգնաժամի հետևանքները՝ հաշվի առնելով երկու երկրների տնտեսությունների միջև առկա կարևոր կապերը, սակայն Fitch-ն ակնկալում է, որ ֆինանսավորման տարբերակներն ու երկարաժամկետ կոմերցիոն պարտքի պրոֆիլը կարող են օգնել Հայաստանին՝ հաղթահարելու ցնցումն առանց վճարունակության լուրջ վատթարացման: