Բայդենի և Սի Ծինպինի հեռախոսազրույցը կկայանա մարտի 18-ին 17:00-ին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հեռախոսազրույցը կկայանա մարտի 18-ին Վաշինգտոնի ժամանակով առավոտյան 09:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին): Այդ մասին է վկայում Միացյալ Նահանգների ղեկավարի՝ Սպիտակ տան կողմից տարածված գրաֆիկը։ Այնտեղ նշված է, որ զրույցը կկայանա մամուլի համար փակ ձեւաչափով:
Բայդենի մասնակցությամբ հաջորդ միջոցառումը նշանակված է տեղական ժամանակով 11:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին): Ավելի վաղ մարտի 18-ին Սի Ծինպինի եւ Բայդենի միջեւ հեռախոսազրույցի կազմակերպման պլանների մասին տեղեկատվությունը հավաստել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը:
Ինչպես հայտնել է Սինհուա գործակալությունը, երկու երկրների ղեկավարները «կարծիքներ կփոխանակեն չին-ամերիկյան հարաբերությունների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»: Մինչ այդ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին գրավոր հայտարարության մեջ հայտնել է, որ Բայդենը մտադիր է Սի Ծինպինի հետ քննարկել, բացի այլ հարցերից, Ուկրաինայի իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: