«Անպատիվ հայ» թուրքական լոզունգն այս իշխանությունն ամրապնդում, գնում է կապիտուլյացիայի 2-րդ փուլի. Ռուբեն Մելքոնյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հարցազրույց էր տվել թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը՝ հայտարարելով, որ «Հայաստանի բնակչությունը, ընդհանուր առմամբ, ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»։

«Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին»,- հայտարարել էր Միրզոյանն այն դեպքում, երբ Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի անցյալ տարեվերջյան հարցումների արդյունքով Հայաստանի բնակիչները մեր պետության ամենամեծ սպառնալիքը համարել են (հարցվածների 90%-ը) Թուրքիան և Ադրբեջանը (77 %-ը), իսկ ըստ «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիայի» «Էմ Փի ՋԻ» (MPG) ընկերության անցկացրած երևանյան վերջին հարցումների՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը դեմ են հարցվածների 62,2 տոկոսը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արարատ Միրզոյանի՝ Անթալիա կատարած այցը բոլոր առումներով տապալված համարող թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նկատեց.

«Ինչպես արարողակարգի (Չավուշօղլուի մոտ փողկապի բացակայություն, թարգմանության խնդիրներ, ժպիտ և այլն) հետ առաջացած խնդիրները վկայում են մեր պատվիրակության անկազմակերպվածության մասին, ինչին ավելանում են նաև Արարատ Միրզոյանի մանիպուլյացիաները։

Երբ նա ասում է, որ հայ հասարակությունը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման, չի ասում՝ իսկ ինչի՞ հաշվին և ի՞նչ գնով։ Չէ՞ որ հայ հասարակությունը պատրաստ չէ Թուրքիայի հետ հարաբերություներ հաստատել այս իշխանության կողմից վերջին շրջանում թմբկահարվող տեսությունների գնով»։

Ըստ Մելքոնյանի՝ ինչպես Արարատ Միրզոյանի, այնպես էլ ՀՀ իշխանության՝ Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերություններ հաստատելու ջանքերն ուղղված են ամրապնդելու թուրք-ադրբեջանական այն տեսակետը, որ հայն անպատիվ է։

«Թուրքական և ադրրբեջանական խոսույթում հային դիմելու մի լոզունգ կա՝ «անպատիվ հայ»։ Հիմա, այն, ինչ անում է այս իշխանությունը, գալիս է ամրապնդելու հենց այդ տեսակետը, որովհետև, ինչպե՞ս կարող է հասարակությունը մեկ տարի անց մոռանալ 5000 զոհի և Արցախի մեծ մասի կորստի վիշտն ու այսպես ուժեղ տառապի Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու ցանկությամբ»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ այս իշխանությունը գնում է կապիտուլյացիայի երկրորդ փուլի։

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի ձևակերպմանը, թե՝ «Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին», թուրքագետն այսպես մեկնաբանեց .

«Խմբեր ասելով՝ Արարատ Միրզոյանն անում է շատ մեծ սխալ, որովհետև Թուրքիայում կան ծայրահեղական խմբեր, որոնք Հայաստանի նկատմամբ կարող են ունենալ ծայրահեղական մոտեցում, բայց Հայաստանում նման խմբեր չկան, կա հասարակության մեծամասնություն, որն ունի ազգային ինքնություն, հետևաբար՝ սխալ է հավասարության նշան դնել Թուրքիայում ծայրահեղական խմբերի և Հայաստանի հասարակության միջև. սա Միրզոյանի կողմից դիվանագիտական կտրուկ սխալ է»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս