«Առաջարկված 5 կետերից բոլորն էլ վտանգավոր են. Ադրբեջանը կանգ չի առնելու». Արտյոմ Տոնոյան

«Իսկ Ադրբեջանի առաջարկած 5 կետերից ո՞ր մեկը վտանգավոր չէ մեզ համար. բոլորն էլ վտանգավոր են, և բացառապես հաշվարկված են միայն իրենց ազգային շահերի տեսակետից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը 5 պայմանները կազմել է՝ դիրքավորվելով՝ որպես հաղթող. «Այս առումով, բնականաբար, չկա որևէ դրական բան մեզ համար: Այլ հետաքրքիր բան կա. Իրենք հայտարարում են, որ անգամ մեկ տարի առաջ են սա ուղարկել, և որևէ բան չի փոխվել, բայց ակնհայտ է և նկատվում է շտապողականություն Ադրբեջանի գործողություններում, ինչը կապված է փոխվող աշխարհաքաղաքական վիճակի հետ: Եթե հիշում եք, մեկ կամ երկու ամիս առաջ Ալիևն ակնարկեց, որ 6 ամիս կսպասի, նա մոտավորապես այսպես հայտարարեց՝ այն, ինչ այսօր դրված է բանակցությունների սեղանին, կարող է չլինել 6 ամիս անց:

Իրենց փորձագիտական դաշտը և իշխող կուսակցության պատգամավորները հայտարարեցին, որ Հայաստանը սա պետք է ընդունի՝ որպես իրեն տրված 6-ամսյա ժամանակ, բայց հիմա տեսնում ենք, որ իրենք փորձում են արագացնել գործընթացը: Դա մի կողմից՝ պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով, մյուս կողմից՝ Հայաստան-Թուրքիա բանակցությունների ընթացքով, այսինքն՝ փորձում են ներդաշնակ գործել Թուրքիայի հետ, որովհետև Թուրքիան էլ իր դիրքորոշումներում համաձայնեցված է գործում նաև Ադրբեջանի հետ, և տալ փաթեթային լուծում»:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների արձագանքին, նա նշեց, որ նրանք անելու շատ բան չունեին՝ կա՛մ պետք է մերժեին, կա՛մ միջանկյալ լուծում գտնեին՝ ժամանակ շահելու համար, ինչը և արել են.

«Կարող էին մերժել, բայց պարզ չէ, թե ինչ հետևանքներ կլինեին: Ըստ էության, փորձել են ԵԱՀԿ ՄԽ-ին դիմելով՝ որոշակի ժամանակ շահել, և իրենց պատկերացումներով ինչ-որ բան ակնկալում են թուրքական կողմից, որ գուցե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում հնարավոր լինի ավելի մեղմացուցիչ կետեր ստանալ: Թուրքիայից մշտապես ասում են, որ պետք է ընդունել Ադրբեջանի առաջարկած պայմանները»:

Արևելագետի խոսքով՝ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Հայաստանին ստիպել ստորագրել այդ առաջարկների փաթեթը. «Եթե ցանկանում եք հասկանալ՝ ինչպիսին են պատկերացնում խաղաղությունը, ապա պետք է նայել արված առաջարկների բովանդակությանը: Եթե որևէ բան չի համընկնելու այդ բովանդակության հետ, ապա իրենց համար լուծումները լինելու են այլ»:

Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ անգամ Ադրբեջանի առաջադրած պայմանների տակ ստորագրելուց հետո խաղաղություն չի լինելու, նա արձագանքեց. «Իհարկե, դա էլ կարելի է քննարկել, հավանական տեսակետ է, որովհետև ըստ էության, դրանով ֆիքսում են այս պահին ձեռք բերածը, բայց դա չի նշանակում, որ իրենք կանգ են առնելու: Նմանատիպ դեպքերը պատմության մեջ բազմաթիվ են, երբ կնքվում են խաղաղության պայմանագրեր, ֆիքսվում այդ պահին արձանագրվածը, բայց հաջողություն արձանագրած կողմը շատ կարճ ժամանակում խախտում է այդ պայմանագիրը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս