Նազելի Բաղդասարյանի հրահանգով ոստիկանությունում թևերս ոլորել են, հարձակվել վրաս, տեսանկարահանել․ իրավապաշտպան Կարապետ Պողոսյան․ tert.am

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը նախօրեին հրավիրվել էր ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ բռնի ուժ են կիրառել և տեսանկարահանել։ Պողոսյանը համոզված է՝ դա արվել է մարզպետ Նազելի Բաղդասարյանի անմիջական հրահանգով։ Tert.am–ի հետ զրույցում Պողոսյանը ներկայացրեց դեպքի մանրամասները։

«Նախօրեին ինձ հրավիրել են ոստիկանություն, առանց որևէ դիմադության նստել եմ իրենց մեքենան, նորմալ զրուցելով հասել ենք ոստիկանական բաժանմունք, արդեն մուտքի մոտ, երբ պետք է իջնեինք, հարձակվել են ինձ վրա, փորձել են թևերս ոլորել, տեսանկարահանել ու այդ վիճակով ինձ բարձրացնել երկրորդ հարկ։ Ինձ բերման էին ենթարկել իմ ֆեյսբուքյան գրառումների պատճառով, բացատրական ցուցմունք տալու համար։ Դրանից մեկ օր առաջ մարզպետ Նազելի Բաղդասարյանը իր հարցազրույցում անձնական վիրավորանքներով պատասխանել էր ինձ, երբ ես մարզի վերաբերյալ խնդիրներ էի բարձրաձայնել։ Բաղդասարյանը դա շատ ծանր էր տարել, անձնական վիրավորանքներով պատասխանել էր ինձ, ես էլ հակադարձել էի իրեն»,- նշել է Պողոսյանը։

Պողոսյանի խոսքով՝ իր նպատակը ոչ թե Նազելի Բաղդասարյանին վիրավորելն է եղել, այլ նրան զգոնության մեջ պահելը և իր հիմնական դերի մասին հիշեցնելը։

«Գյումրին փոքր քաղաք է, այստեղ բոլորը գիտեն՝ ով ով է։ Ես ցանկացել եմ հասկացնել Բաղդասարյանին, որ չփորձի անցնել անձնական դաշտ։ Ես պատրաստ էի ոստիկանական բաժանմունուքում բացատրություն տալ, որովհետև որևէ վախենալու կամ դիմադրելու խնդիր չկար։ Համենայն դեպս իրենց պետք էր շոու և իրենք փորձեցին այդ շոուն ապահովել։ Սա Նիկոլ Փաշինյանի ՝ ընդդիմադիրներին ասֆալտին փռելու գործելաոճն է։ Բայց այդ շոուն միանշանակ չստացվեց և չի ստացվելու, քանի դեռ ես ապրում եմ Գյումրիում»,-ասաց Պողոսյանը։

Վերջինս նշեց, որ պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնց մասին բարձրաձայնում է։ «Ինձ տեղեկություններ են հասել, որ Գյումրու պոլիկլինիկայի տնօրենին հեռացրել են աշխատանքից, և բերել Բաղդասարյանի ազգականին, լուսանկարներով մենք դա ապացուցել էինք, Բաղդասարյանը չկարողացավ դա հերքել։ Հետո տեղեկություն ունենք, որ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ են նշանակել մեկին, ով ընդհանրապես քաղծառայության փորձ չի ունեցել, իհարկե, Նազելի Բաղդասարյանը այդ ժամանակ մարզպետ չի եղել, բայց ամեն ինչ արել է, որ այդ մարդը նշանակվի գյուղվարչութան պետ։ Էլ չասեմ, որ «Ցայգ» հեռուստաընկերությունը լցվել է Բաղդասարյանի ազգականներով։ Մեր քաղաքացիները ինձ դիմում են բազմաթիվ ահազանգերով, և ես ինձ պարտավորված եմ զգում բարձրաձայնելու այդ հարցերը»,- ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս