«Ո՛չ հերքում, ո՛չ հաստատում եմ. մեր ուղղությամբ իրավիճակը հանգիստ է եղել». Շիկահողի գյուղապետ
Ըստ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
Տարբեր տեղեկությունների համաձայն, հայկական կողմը մեկ զոհ և մեկ վիրավոր ունի, քանի որ թշնամին Սյունիքում դիմել է սադրանքների, կրակոցներ արձակել, որի հետևանքով էլ հայ զինվոր է զոհվել։ Ըստ այդ տեղեկությունների, կրակոցները հիմնականում հնչել են Շիկահող գյուղի ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում Շիկահողի գյուղապետ Զորիկ Նավասարդյանն ասաց, որ Շիկահողի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։
«Ինչ վերաբերում է զոհ ունենալու հանգամանքներին, ապա դա ես հեռախոսով չեմ կարող քննարկել։ Մեր ուղղությամբ իրավիճակը հանգիստ է եղել»,-շեշտեց Զորիկ Նավասարդյանը։
Դիտարկմանը, որ ՊՆ-ն արդեն տեղեկացրել է, որ զոհ կա, Շիկահողի գյուղապետը նկատեց. «Ես ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եմ»։
Հիշեցնենք, որ երեկ 168.am-ին տեղեկություն էր հասել այն մասին, որ Կապանի Շիկահողի մարտական դիրքերում ծառայակից ընկերների միջև սուր վեճ է տեղի ունեցել: Վեճի արդյունքում զինվորներից մեկը ծանր վիրավորում է հասցրել զինակցին, ապա ինքնասպան է եղել: