Չինաստանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը մեկ օրում 2,3 անգամ աճել է
Չինաստանի իշխանությունները մարտի 15-ին նոր տիպի կորոնավիրուսով վարակման 5 370 նոր դեպք են արձանագրել, ինչը մոտավորապես 2,3 անգամ գերազանցում է մեկ օր առաջվա ցուցանիշը: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։
Ինչպես ճշտված է տարածված հայտարարության մեջ, բարձր ջերմություն, հազ եւ տկարություն է հայտնաբերվել 3 602 մարդու մոտ, մնացած 1 768-ն անախտանիշ կրողներ են: Նոր հայտնաբերված ախտահարվածներից միայն 216-ն է ժամանել արտասահմանից:
Հրապարակված վիճակագրության համաձայն՝ վերջին յոթ օրում ախտանիշներով քովիդով վարակվածների քանակը, որոնք գտնվում են տեղերի բժշկական հիմանարկություններում, մեկ օրում միջին հաշվով ավելացել է 17,4 տոկոսով եւ կազմում է 11 984 (20 634 անախտանիշ կրողների հետ, որոնք նույնպես վերցված են բժիշկների հսկողության ներքո): Նրանցից սոսկ ութն Է ծանր վիճակում:
Բուժում անցնողների մոտավորապես 80 տոկոսը վարակվել է երկրի տարածքում, մնացած 20 տոկոսը ժամանել է արտասահմանից: Պաշտոնապես ամբողջ ժամանակամիջոցում ՉԺՀ-ի մայրցամաքային մասում հիվանդացել է 120,5 հազար մարդ՝ չհաշված անախտանիշ կրողները: Չինաստանում քովիդից մահացու վախճաններ են արձանագրվել անցյալ տարվա հունվարի 25-ից, համավարակի սկզբից երկրում մահացել է 4 636 մարդ:
Համաճարակային իրադրությունը երկրում վերջին օրերին կտրուկ վատթարացել է: Վտանգի բարձր մակարդակով բնակելի գոտիների քանակը կազմում է 316՝ կրկնակի ավելի, քան ուղիղ մեկ շաբաթ առաջ: Վերջին ամսում վարակման տեղական դեպքեր են հայտնաբերվել ՉԺՀ-ի՝ նահանգի, կենտրոնական ենթակայության քաղաքի կամ ինքնավար շրջանի մակարդակով 31 վարչա-տարածքային միավորներից 28-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: