«Հոգնած հարսը ասում է՝ երանի մի շաբաթով հորս տուն գնայի. Արարատ Միրզոյանը հենց հոր տուն էր գնացել». Սերժ Սրապիոնյան

«Հայաստանի իշխանությունները դեռ պատերազմից առաջ, որքան հնարավոր է՝ ցինիկաբար հայտարարեցին, որ Արցախն իրենց չի ընտրել, իրենք Արցախի խնդիրների հետ կապված որևէ բանակցության մասնակցելու իրավունք չունեն: Դրանով նրանք արձակեցին թշնամու ձեռքերը՝ Արցախի հետ վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվեցին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները լուռ կամ գաղտնի համաձայնության են եկել՝ Արցախի մնացած հատվածն էլ հնարավորինս «տրամաբանված» զիջել թուրքերին.

«Թե չէ ինչպե՞ս բացատրել այն, որ Արցախի տարբեր բնակավայրերում ինտենսիվ գնդակոծություններ են տեղի ունենում, դրան զուգահեռ՝ նաև քարոզչություն. բարձրախոսերով պարտադրում են, որ Արցախի այդ հատվածի բնակչությունը լքեն իրենց բնակավայրերը: Ամեն ինչ արվում է, որ այնտեղ ստեղծվի ապրելու անհնարինության վիճակ: Ես կարծում եմ՝ կա ներքին պայմանավորվածություն՝ իրենց գարդաշ-յորդաշլարների հետ, որ պատերազմն առաջացնում է հակառեակցիա, և ավելի լավ է մեթոդաբար ճնշելով՝ Արցախի այս մնացյալ հատվածն էլ դատարկվի և անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրանք պատերազմից խուսափում են նաև այլ նպատակով. Մենք տեսանք, թե ինչքան շենք-շինություններ, ճանապարհներ, ուղղակի նվերի կարգով տրվեցին թշնամուն, և որպեսզի թշնամին արագ կարողանա վերաբնակեցնել՝ Արցախը լցնել իր քաղաքացիներով, անհրաժեշտ է, որ բնակֆոնդը մնա: Նաև դրանով եմ բացատրում այն, որ իրեն Արցախի նախագահ համարող անձնավորությունը քարոզչական մեթոդներով անընդհատ փորձում է ցույց տալ, թե ինչքան շինարարություն է տեղի ունենում Արցախում, ինչ բնակֆոնդ է ստեղծվում և այլն, բայց չի ասում, թե ում համար են ստեղծում այդ բնակֆոնդը»:

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ ռուսները պետք է լուծեն Արցախի խնդիրները, նա հետևյալն ասաց. «Դուք տեսած կա՞ք, որ որևէ օտար ձեր ընտանիքին համահունչ խնդիրներ լուծի՝ իր շահերը հաշվի չառնելով: Այդ մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի այդ գաղափարը սերմանվի մեր բնակչության մեջ, և մեր բնակչությունը վերջնականապես հրաժարվի իր միակ ապավենը հանդիսացող (լավ, թե վատ) ռուսական իրականությունից: Ռուսն այսօր պաշտպանում է հնարավոր հարաբերական խաղաղությունը Արցախում՝ ինչքան որ իրեն ձեռք է տալիս, ռուսի իրականության մեջ այսօր ավելի շատ հայեր են ապրում և աշխատում, քան բուն Հայաստանում, և այստեղ մի ուրիշ կոնֆլիկտ էլ կարող է ծնվել»:

Խոսելով ՀՀ 5-րդ նախագահի երդմնակալության արարողության մասին՝ Սրապիոնյանը նշեց, որ որևէ սպասելիք չունի Վահագն Խաչատուրյանից. «Բոլոր այն միամիտները, որոնք ասում են՝ ինչո՞ւ Վեհափառը գնաց այդ արարողությանը մասնակցելու, եթե Վեհափառի նկատմամբ ինչ-որ վերապահումներ ունեք, գոնե ինձ հայտնի է, որ Բագրատ Սրբազանի նկատմամբ այդպիսի վերապահություն չունեք: Սա պաշտոնական արարողություն էր, որին հոգևոր հայրը, գուցե և աշխարհին ի ցույց դնելու համար մեր համերաշխությունը՝ եկավ և մասնակցեց: Բայց պետք էր լսել Վեհափառի խոսքը, հասկանալ, թե նրա անհանգստությունը որտեղից է գալիս: Որևէ մեկը հիշո՞ւմ է Հայոց Վեհափառներից որևէ մեկի այսպիսի մտահոգ խոսք, այսպիսի տանջահար խոսք, որը Հայոց այս Վեհափառը արտաբերեց, որովհետև շատ լավ հասկանում է երկրի վիճակը:

Ինչ վերաբերում է այս նախագահին, եթե որևէ մեկը որևէ ակնկալիք ունի այս նախագահից, ես պետք է հիասթափեցնեմ նրան: Նրանք գտան գոյություն ունեցող անձանց մեջ այն ամենահարմար թեկնածուին, որն այլևս որևէ անգամ որևէ որոշում չի դնելու քննարկման, այլ վավերացնելու է: Մենք ոչ թե նախագահ ունենք, այլ ազգակործան ծրագրերի և որոշումների դակող, ստորագրող, հաստատող»:

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին, որտեղ նրան ներկայացրել էին՝ որպես Արբաթ Միրզոյան, Սերժ Սրապիոնյանը հետևյալն ասաց. «Արբաթ արտահայտությունը լեզվի սայթաքում չի եղել, դա բնութագրում է եղել, որը շատ հասկանալի է հատկապես դիվանագիտական շրջանակներին: Դա նշանակում է, որ նրանք հաստատեցին ի լուր թուրանական աշխարհի, որ՝ սա մեր մարդն է: Հայ ժողովուրդը մի շատ հետաքրքիր խոսք ունի, վերաբերում է ուրիշի տուն գնացած աղջիկներին, ասում է՝ հարսը, որ շատ հոգնած է, ասում է՝ երանի մի շաբաթով հորս տուն գնայի՝ քնեի և հանգստանայի: Ես կարծում եմ՝ Արարատ Միրզոյանը հենց հոր տուն էր գնացել, որովհետև այն ամենը, ինչ նրա մասին գրվել է և չի ժխտվել պաշտոնապես՝ Օմեգա, կրկնակի հավաքագրված, գործակալ և այլն, եկավ պարզապես հաստատվելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս