«Գազամատակարարումը վերականգնելու համար բանակցությունները շարունակվում են». Արցախի նախագահի խոսնակ

Մարտի 7-ից Արցախի Հանրապետությունը զրկված է գազամատակարարումից։ Վնասվել է Հայաստան-Արցախ գազատարը, որի վերականգնմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը, նրանց հետ ռուսական կողմը սկսել է բանակցություններ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ այս պահին Արցախում գազամատակարարումը վերականգնված չէ։

«Գազամատակարարումը վերականգնելու համար բանակցությունները շարունակվում են։ Չեմ կարող ասել, թե դրանք ինչ արդյունք կտան, բայց Արցախն այս պահին զրկված է գազից»,- նշեց Լուսինե Ավանեսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Արցախում էլեկտրաէներգիայի խափանումները մասշտաբային բնույթ չեն կրում, սովորական տեխնիկական վթարներ են լինում, որոնք «Արցախ էներգոն» արագ վերականգնում է։

Հիշեցնենք, որ թշնամու գործողությունների հետևանքով Արցախում նախորդ տարվա վերջերին վնասվել էր նաև ջրատար խողովակը, որը վերականգնելու աշխատանքների ընթացքում թշնամին անկանոն կրակ էր բացել հայերի ուղղությամբ։ Այդ կրակոցների հետևանքով գլխի շրջանում մահացու  հրազենային վիրավորում էր ստացել 22-ամյա Մարտիկ Երեմյանը։ Եվս 3 քաղաքացիներ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս