Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:
ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդման համար ԱԺ հատուկ նիստն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նիստը վարում է ԱԺ նախագահի լիազորությունները կատարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց . «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնության խոսք հղեց:
Արարողությանը մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, նախագահի լիազորությունները մինչև այս կատարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում հատուկ նիստին:
Նախագահի երդման արարողությանը հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, սփյուռքի և հայրենիքի պետական, հասարակական և մշակութային գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, արտախորհրդարանական ուժեր, գործարարներ, պաշտոնատար անձինք, ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ՀՀ ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահ էր ընտրել մարտի 3-ի նիստում: Վահագն Խաչատուրյանը Հանրապետության նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով: