«Օրախնդիրը 2-3 ավել շիշ ձեթ տուն տանելը չէ, քանի գրամ աղ ուտելը չէ…  Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել». Ալվինա Աղաբաբյան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։

«Արմսես գիտակրթական կենտրոն» ՀԿ ղեկավար Ալվինա Աղաբաբյանի կարծիքով՝ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին:

«Դրանք վերջնագրային կամ սպառնալիքի տեսք ունեն: Բայրամովն ակնարկել է, որ դրանցից մեկը վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, մյուս կետերի մասին մենք կարող ենք ենթադրություններ անել: Կետերից մեկը պետք է վերաբերի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ներառյալ, և բացի այդ՝ Սյունիքով ճանապարհի կամ միջանցքի տրամադրումը Ադրբեջանին: Մյուս կետերի վերաբերյալ դարձյալ կարող ենք ենթադրություններ անել, բայց միայն այն փաստը, որ և՛ նախորդիվ, և՛ հիմա էլ մեր իշխանություններն այդ մասին չեն խոսում, չեն բացահայտում, թե դրանք ինչ կետեր են, ինչի շուրջ են ընթանում բանակցությունները, թույլ է տալիս ենթադրել, որ այդ 5 կետերում շատ մեծ սպառնալիքներ կան մեր երկու հանրապետությունների համար»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ալվինա Աղաբաբյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունների հայտարարությունները և գործողությունները վկայում են, որ նրանք հայկական օրակարգով չեն շարժվում, հայկական շահը չեն ներկայացնում:

Նա ընդգծեց, որ իշխանությունների ձևավորած օրակարգն ամբողջությամբ համընկնում է Ադրբեջանի օրակարգին:

«Առկա իրականությունը և այն, ինչ մեզ են ներկայացնում, խիստ տարբերվում են իրարից: Թշնամին անընդհատ ցույց է տալիս, որ խաղաղություն չի ուզում, մեզ որպես թշնամի է ընկալում, կրակում է մեր դիրքերի, խաղաղ բնակավայրերի վրա, սպանում է մեր զինծառայողներին և խաղաղ բնակչությանը, զբաղվում թալանով և ահաբեկչությամբ. Ադրբեջանն էլ ո՞նց կարող է ցույց տալ, որ մեր թշնամին է: Փոխանակ այդ իրականությունը ներկայացնեն և դրան համապատասխան գործընթացներ տանեն, մեզ մոտ խոսում են ինչ-որ խաղաղությունից: Ադրբեջանն ամեն օր ցույց է տալիս, որ մեզ հետ խաղաղ ապրելու որևէ մտադրություն չունի և իր միակ նպատակը Հայաստան և Արցախ պետությունների չգոյությունն է և հայկական տարածքների հայաթափումը, ուրիշ նպատակ այդ պետությունը չունի»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի այն հայտարարությանը, թե՝ հետո՞ ինչ, որ Ադրբեջանը կրակում է, իրենք չեն շեղվում իրենց ճանապարհից, Աղաբաբյանը հետևյալն ասաց.

«Դա նշանակում է, որ՝ կարող եք էլի կրակել, մեզ համար դա խնդիր չէ, ինչքան կուզեք՝ կրակեք, կուզեք՝ սպանեք մեր զինծառայողին կամ խաղաղ բնակչին, մի թողեք, որ գյուղատնտեսական աշխատանքներ անենք, կրակեք, դուք ազատ եք, կանաչ լույս ենք տվել ձեզ: Դա հենց այդ է նշանակում, ուրիշ ոչ մի բան:

Եթե անգամ երեխաները բակ են իջնում, ինչ-որ մեկը մյուսին խփում է, եթե պատասխան չի ստանում, դրանից ավելի է ոգևորվում, էլ ավելի մեծ հարված է տալիս: Այս դեպքում, ստացվում է, որ մեզ խփում են, ապտակում են, ինչ ասես՝ անում են, ինչ ասես՝ պարտադրում են, մենք դրանց չենք արձագանքում»:

Նա նշեց, որ իշխանությունների օրակարգում անվտանգության հարցերը լուծելու խնդիրները չկան, պարենային անվտանգության խնդիրները. «Այսօր այդ հարցերը օրակարգում չեն, դրա համար էլ չեն խոսում այդ մասին»:

Ալվինա Աղաբաբյանը սպասելիքներ չունի նաև ընդդիմությունից. «Ընդդիմությունն արդեն պետք է փողոցում լիներ, ինչ-որ քայլեր ձեռնարկեր: Արցախում այս պահին հումանիտար աղետ է, մարդիկ չունեն գազ, շատ շրջաններում չունեն էլեկտրականություն, այդ մարդկանց վրա անընդհատ կրակում են, նրանց անվտանգությունն ապահովված չէ, այստեղից որևէ արձագանք չենք տեսնում: Մեր հասարակությունն այսօր՝ կարծես թմրանյութի ազդեցության տակ, իր համար հանգիստ, նյարդերն անջատած, առանց որևէ մտահոգության, շարունակում է ապրել: Այս հատվածում միակ մտահոգությունը հնարավոր պարենային խնդիրն է, որ արագ լուծում են, այսինքն՝ փորի խնդիր կա, դա լուծում են, սնունդ են տանում տուն, մնացած հարցերը մեր հասարակության բավականին մեծ զանգվածին ընդհանրապես չի հետաքրքրում: Նրանց հետ կրթական, քարոզչական հսկայական աշխատանք է պետք տանել: Թվում էր, թե Արցախի կորուստը պետք է լինի թմբիրից դուրս գալու ազդակը, բայց ոչ, երևի Սյունիքի կորուստն էլ այդ ազդակը չլինի, որ մեր հասարակությունն արթնանա, գուցե Երևանի կորուստը լինի, բայց այդ դեպքում արդեն արթնանալն ինքնանպատակ կլինի, որովհետև ի՞նչ պետք է հետ բերենք: Երևի մի ռումբ պետք է Երևանի կենտրոնում պայթի, որ մարդիկ հասկանան՝ ինչ է կատարվում, որ այսօր օրախնդիրը երկու-երեք ավել շիշ ձեթ տուն տանելը չէ, քանի գրամ աղ ուտելը չէ, մենք արդեն կորցրել ենք մեր հայրենիքի ¼-ը, հիմա մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ ենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս