«Իրավիճակն առայժմ հանգիստ է, թշնամին իր սպառնալիքները դադարեցրել է». Թաղավարդի գյուղապետ
Այսօր առավոտյան Ադրբեջանի զինուժն ականանետ է կիրառել Արցախի Հանրապետության Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:
Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
168.am-ի հետ զրույցում Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն ասաց, որ առավոտյան թշնամին սպառնալիքներ է հնչեցրել, որպեսզի բնակիչները լքեն գյուղը։
«Իրավիճակն առայժմ հանգիստ է, թշնամին իր սպառնալիքները դադարեցրել է։ Կրակոցներ չեն հնչել, միայն բարձրախոսով բնակչությանն ասում էին, որ լքեն գյուղը։ Հիմա դադարեցրել են»,- նշեց Թաղավարդի գյուղապետը։
Այլ մանրամասները գյուղապետը չհայտնեց։
Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը բաժանվել է երկու մասի, գյուղի մի հատվածը մնացել է Ադրբեջանի զինվորների հսկողության տակ, մյուս հատվածը՝ հայկական։ Գյուղի գերեզմանոցը մնացել է այն հատվածում, որի վերահսկողությունն անցել է ադրբեջանցիներին։