Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի սանձարձակ պահվածքը. Արցախի պետական նախարար
Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Նա ընդգծել է, որ վերջին օրերին, առիթավորվելով Ուկրաինայի շուրջ աշխարհի ու հատկապես Ռուսաստանի գերզբաղված վիճակից, կտրուկ ավելացել են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրանքներն ու սպառնալիքները:
«Տևական ժամանակ կրակոցներով ու այլ միջոցներով խոչընդոտում են առաջնագծին մոտ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներին: Մի քանի օր շարունակ մեր բնակավայրերի ուղղությամբ կրակում են նաև մեծ տրամաչափի զենքերից, իսկ երեկ Խրամորթ գյուղում ականանետով վիրավորել են իր տան բակում գյուղատնտեսական աշխատանք կատարող 50-ամյա Սուրեն Բաղրյանին։ Մարտի 8-ի գիշերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը, և մինչև հիմա թույլ չեն տալիս ռուս խաղաղապահներին ու մեր ներկայացուցիչներին՝ մոտենալ խողովակին ու վերականգնել գազամատակարարումը»,-նշել է Արտակ Բեգլարյանը:
Արցախի պետական նախարարը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների միջոցով շարունակում են բանակցությունները՝ խնդիրների խաղաղ կարգավորման նպատակով: Միևնույն ժամանակ նախազգուշական քայլեր են ձեռնարկում Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու համար: