Հոգևորական եմ, նման անհարիր բան ասելու իրավունք չունեմ, սակայն, չեմ կարող լռել՝ Արցախում թշնամին լկտիության բոլոր սահմաններն անցել է, հարկավոր է նրանց զսպել. Արցախի թեմի առաջնորդ․ «Փաստինֆո»
«Արցախում ապրող մարդկանցից բոլոր նրանք, ովքեր փոքր – ինչ տիրապետում են իրավիճակին, հասկանում են, թե ի՞նչ է կատարվում երկրի ներսում այս օրերին և ովքեր են մեր, այսպես կոչված, հարևանները։ Կարողանում են գիտակցաբար վերլուծել տեղի ունեցողը և սառնասրտորեն են նայում զարգացումներին, բայց կա նաև մարդկանց մի խումբ, նրանց թվում՝ երեխաները, ծերերը, նրանք, ովքեր վերջին պատերազմից հետո հոգեբանական ծանր ցնցումներ են տարել և զավակներ կամ հարազատներ կորցրել, որոնց համար, անշուշտ, այս ամենը շատ ծանր է,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ խոսելով վերջին օրերին արցախա- ադրբեջանական սահմանին թշնամու կողմից հրահրված սադրանքների մասին։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ագրեսոր Ադրբեջանը Արցախի սահմաններին տարատեսակ ռազմական սադրանքների է դիմում՝ պարբերաբար կրակում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ինչին զուգահեռ բարձրախոսերով պահանջում են բնակիչներին լքել իրենց բնակավայրերը՝ կիրառելով հոգեբանական ճնշում։ Ավելին՝ ադրբեջանական հսկողության տակ հայտնված տարածքում վնասվել է նաեւ Արցախը սնուցող գազատարը, որի հետեւանքով արցախահայությունը զրկվել է գազից։
Արցախի թեմի առաջնորդը նկատում է՝ ինչքան էլ մարդ հոգով և մարմնով ամուր լինի, միևնույն է, այսօրինակ սադրանքներն իրենց գործն անում են՝ թողնելով իրենց խիստ բացասական հետքը՝ մարդկանց հոգեբանության և առողջության վրա։
«Խաղաղությունը շատ նուրբ մի երևույթ է, որն, ամեն պարագայում՝ խախտվելու դեպքում, մարդն այլևս շեղվում է իր ներդաշնակ կյանքի ռիթմից։ Սա, առավել ընդգծված դրսևորում է ունենում այն մարդկանց կյանքում, ովքեր, արդեն իսկ, անցել են պատերազմի արհավիրքով և կորուստներ են ունեցել։ Լարված են նաև այն մարդիկ, ովքեր ընտանիքի հայր են և պատասխանատվություն են զգում իրենց ընտանիքի անդամների, հատկապես՝ երեխաների կյանքի համար։ Մի խոսքով՝ բոլորն Արցախում այս օրերին լուրջ վիճակի մեջ են»,- նշել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ։
Խոսելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զորամիավորումների դերակատարման մասին՝ Արցախի Թեմի Առաջնորդը նկատում է՝ նույնիսկ նրանք, որ միջազգային նորմերին համապատասխան, առաքելություն ունեն՝ խաղաղարար գործունեություն իրականացնելու, անգամ նրանք վերջին օրերին, կարծես անզոր են, միջոցներ չունեն զսպելու թշնամու կողմից ցուցաբերվող այսօրինակ սադրանքները։ Այս հանգամանքը, հատկապես, լարում է արցախցիներին, ավելի անպաշտպան է դարձնում նրանց հոգեբանական առումով. «Այստեղ է, որ հիշում ենք մեզ ավանդված մեր նախնյաց խոսքը՝ հենվել միմիայն սեփական ուժի վրա՝ ամուր կանգնելով սեփական ոտքերին, որպեսզի լիարժեք կերպով կարողանաս պատասխան տաս թշնամուն։ Սա փիլիսոփայություն չի, սա մեր իրական, այսօրվա կյանքն է, որի մեջ հայտնվել ենք մենք ու մեր երեխաները։ Ի՞նչ է նշանակում՝ պայթեցնել գազատարն ու ձմռան կեսին թույլ չտալ, ամեն կերպ խոչընդոտել, որ չվերանորոգվի։ Սա է մեզ բաժին հասած թշնամին… Գիտե՞ք, շատ լավ հասկանալով, որ հոգևորական եմ, և նման անհարիր բան ասելու իրավունք չունեմ, այնուամենայնիվ, չեմ կարող լռել՝ Արցախում թշնամին լկտիության բոլոր սահմաններն անցել է, հարկավոր է նրանց զսպել»։
Արցախի թեմի առաջնորդը նկատում է՝ չի կարող ասել, թե վերջին օրերի սադրանքներով պայմանավորված, Արցախում ապրող մարդիկ խուճապի մեջ են, սակայն, կա անորոշության զգացողություն, որ, համենայն դեպս, որոշակի անհանգստություն է մտցրել արցախցիների կյանքում. «Սրան հիանալի կերպով հակադարձվեց Արցախի ԱԳՆ-ի կողմից արված վերջին հայտարարությունը, որ, ինչ – որ չափով, վստահություն բերեց մարդկանց սրտերում։ Այս առումով խիստ ողջունելի էր մեր ԱԳՆ նախարարի պահվածքը, ապրի՛ ինքը։ Այսպես է իրեն դրսևորում նաև հոգևորականությունը։ Այդպես պետք է իրեն դրսևորի նաև Հայաստանի իշխանությունը՝ համարժեք և արժանի հակադարձումներ և արձագանք տալով թշնամուն, որպեսզի մարդիկ գոտեպնդվեն, հասկական, որ իրենց մեջքը դատարկ չի, որ, անգամ, այսպիսի սպառնալիքները, լուրջ խնդիրներ չեն ստեղծելու իրենց առօրյայի կամ, Աստված մի արասցե, կյանքի համար։ Այլապես, եթե մենք նորից խեղճացած լռենք, թշնամին, անկասկած, ոտքերն ավելի առաջ է բերելու»։