Հունգարիայում առաջին անգամ կին նախագահ է ընտրվել
Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության եւ միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին, նա այդ պաշտոնում առաջին կինն է դարձել։
Հունգարիայի Ազգային ժողովը հինգշաբթի օրը կայացած նիստում երկրի նոր նախագահ է ընտրել վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ «Ֆիդես» կառավարող կուսակցության փոխնախագահ, ընտանիքի, երիտասարդության եւ միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին:
Նրա օգտին քվեարկել է 199 պատգամավորներից 137-ը: Հեռարձակումն իրականացվել է M1 հունգարական ալիքով: Ընտրություններում 44-ամյա Նովակի մրցակիցն ընդդիմադիր կոալիցիայից 80-ամյա թեկնածու տնտեսագետ Պետեր Ռոնան էր: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ հինգ տարվա ժամկետով: 2012 թվականից այդ պաշտոնը երկու անգամ զբաղեցրել է Յանոշ Ադերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: