«Բորիս Բախշիյանին կալանավորելուց հետո Մենուա Հովսեփյանի գործով դատական որևէ նիստ չի կայացել». փաստաբան

Նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում էր կայացրել՝ բավարարելով պաշտպանների միջնորդությունը։

168.am-ի հետ զրույցում Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելուց հետո Մենուա Հովսեփյանի գործով որևէ դատական նիստ չի գումարվել, հետևաբար՝ գործի հետ կապված որևէ նորություն չկա

«Հիմա գործը մակագրել են մեկ այլ դատարվորի, որի ազգանունն այս պահին չգիտեմ, տեղյակ էլ չենք, թե դատական նիստերը երբ են վերսկսվելու»,- նշեց Արմեն Մելքոնյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ գործի հետ կապված որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել։

Հիշեցնենք՝ Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին, Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու, նաև Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքը և ծառայողական կախվածությունն օգտագործելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով։

Հիշեցնենք, որ այս պահին կալանավորված են սյունեցի երկու գործող համայնքապետեր՝ Քաջարանի և Գորիսի համայնքապետեր Մանվել Փարամազյանը և Առուշ Առուշանյանը։ Կալանավորված էին նաև Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը, ինչպես նաև Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Երկու պատգամավորներն այս պահին ազատության մեջ են։

Տեսանյութեր

Լրահոս