«Վնասները նյութական են, խաղողի այգիների որոշ հատված վառվել է, այս պահին չենք կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել». Խնուշինակի գյուղապետ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղը կրկին թշնամու թիրախում է։ Մարտի 9-ին` ժամը 14։00-14։30-ի սահմաններում, գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։

168.am-ի հետ զրույցում Խնուշինակի գյուղապետ Կամո Մուրսալյանն ասաց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, թշնամին կրակոցները դադարեցրել է։

«Երեկվա սադրանքներից հետո իրավիճակն առայժմ հանգիստ է։ Փառք Աստծո, մարդկային կորուստներ չունենք, վնասները նյութական են, խաղողի այգիների որոշ հատված վառվել է ու վնասվել։ Այս պահին դեռևս չենք կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, 1-2 օր դադար ենք տվել, հասկանանք՝ իրավիճակն ինչ հանգուցալուծում է ունենալու, դրանից հետո նոր կվերսկսենք աշխատանքները։ Հատկապես թշնամու կողմից դիտարկվող տարածքում անհնար է մտնել ու աշխատել»,- նշեց Խնուշինակի գյուղապետը։

Ըստ գյուղապետի՝ այսպես երկար շարունակվել չի կարող, խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա, իսկ թե ինչպես՝ դժվարանում է ասել, նշելով, որ դա իշխանություններին վերաբերող հարց է, նրանք պետք է քայլեր ձեռնարկեն ու հարցը լուծեն։

«Բնակչության շրջանում որևէ խուճապ չկա, բնականոն կյանքն այսօր վերականգնվել է, մարդիկ իրենց գործին են, իրենց դարդերով են զբաղված։ Պատերազմից հետո թշնամին նման սադրանքի չէր դիմել, սա առաջին դեպքն էր մեր գյուղի ուղղությամբ։ Իսկապես չեմ կարող ասել, թե թշնամու նպատակը որն է»,- եզրափակեց Կամո Մուրսալյանը։

Հիշեցնենք, որ թշնամին արդեն տևական ժամանակ կրակոցներ է արձակում Արցախի Հանրապետության տարբեր գյուղերի՝ Թաղավարդի, Խրամորթի, Խնապատի, Նոր շենի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս