Հունգարիայում չեղարկվում է դիմակների կրումը

Հունգարիայի իշխանությունները երկուշաբթի օրվանից չեղարկում են հանրային վայրերում դիմակներ կրելու պարտադրանքը, ինչպես նաեւ հանում են կորոնավիրուսի համավարակի հետ կապված մի շարք սահմանափակումներ։ Ինչպես տեղեկացրել է վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշը, Հունգարիայի կառավարությունն ընդունել է այս որոշումը, քանի որ «հաջող վերահսկման եւ բնակչության պատվաստման շնորհիվ համավարակի հինգերորդ ալիքը նահանջել է», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Դիմակ կրելու պարտավորությունը հանրային տրանսպորտում, խանութներում, առեւտրի կենտրոններում, փոստում, թատրոններում, կինոթատրոններում, թանգարաններում, ինչպես նաեւ սպորտային մրցումների ժամանակ, երկուշաբթի օրվանից հանվում է,- ասվում է կառավարության կայքում։- Հանրային սննդի ձեռնարկությունների աշխատակիցները նույնպես դիմակներ կարող են չկրել»։

Բացի այդ, հանվում են բացօթյա միջոցառումների մասնակիցների թվաքանակի սահմանափակումները։ «Չեղարկվում է այն կանոնը, որի համաձայն՝ գործատուները կարող էին իրենց աշխատակիցներից պարտադիր պատվաստում պահանջել»,- ավելացրել է Գույաշը, որը Հունգարիայի կառավարությունում նախարարի կարգավիճակ ունի։

Միեւնույն ժամանակ, կառավարությունը հայտարարել է, որ կշարունակի պատվաստանյութեր տրամադրել բոլոր ցանկացողներին։ Պաշտոնական տվյալներով՝ Հունգարիայում, որի բնակչությունը մոտ 10 մլն է, կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 7 մլն քաղաքացի։ Նրանցից 4 մլն մարդ վերապատվաստվել է։

Համավարակի ընթացքում Հունգարիայում COVID-19-ով հիվանդացել է ավելի քան 1,8 մլն մարդ, մահացել է ավելի քան 44 հազարը։

Տեսանյութեր

Լրահոս