«Աշխատող ընտանիքի երեխա էր: Ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա». Զոհված սերժանտին հիշում է հայրենի գյուղի գյուղապետը
Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետևանքով այսօր զոհված ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը ծնունդով Սյունիքի մարզի Ակներ գյուղից էր։ Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր:
Ակներ համայնքի ղեկավար Սպարտակ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց. «Աշխատող ընտանիքի երեխա էր: Ավարտել է դպրոցը, ծառայել բանակում, համարյա տասը տարի է՝ պայմանագրային էր, ապրում էր Վեդիի գյուղերից մեկում: Իրենց քրտինքով ապրող ժողովուրդ են: Ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա: Հայրը մահացած էր, մայրն ու եղբայրները գյուղում են ապրում»:
Սպարտակ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ սերժանտ Մանասարյանին հուղարկավորելու են հայրենի գյուղում: