Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության են եկել տեխնիկական համագործակցության շուրջ
Իրանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում համաձայնեցրել են համապարփակ տեխնիկական համագործակցությունը հետագա համաձայնության հասնելու համար: Մամուլի ասուլիսում մարտի 7-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:
«Գրոսիի այցի ընթացքում, որը տեղի ունեցավ Վիեննայի բանակցությունների ֆոնին, համաձայնեցվեց համապարփակ տեխնիկական համագործակցությունն Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ, որի հիման վրա կկնքվի փուլային համաձայնագիր»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «գործակալությունը հարցեր է տվել Իրանի մի շաք օբյեկտների վերաբերյալ: «Կողմերը համաձայնության են եկել, որ հետագա մեկ-երկու ամսվա ընթացքում բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ տեխնիկական համագործակցության շրջանակներում՝ պայմանով, որ գործակալությունը հրաժարվի (հարցի) քաղաքականացումից եւ ճնշումից,- ընդգծել է Խաթիփզադեն:- Գոյություն ունի ուղիղ կապ այդ հարցերի եւ Վիեննայի համաձայնագրի միջեւ»:
ՄԱԳԱՏԷ-ն եւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը մատի 5-ի համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ կողմերը Գրոսիի Թեհրան կատարած այցի ընթացքում համաձայնության են եկել շարունակելու համագործակցությունը երեք վիճելի օբյեկտներում տեսչական ստուգման վերաբերյալ չլուծված հարցերի կարգավորման համար: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մտադիր է հունիսին գործակալության Կառավարիչների խորհրդին հաշվետվություն տրամադրել Իրանի երեք օբյեկտների վերաբերյալ: Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հարցեր ուներ Իրանի չորս վիճելի օբյեկտների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: