Չինաստանն ԱՄՆ-ին հորդորել է՝ հանել Աֆղանստանի նկատմամբ պատժամիջոցները եւ ապասառեցնել ակտիվները
Չինաստանն ԱՄՆ-ին հորդորում է՝ հանել Աֆղանստանի նկատմամբ պատժամիջոցները, ապասառեցնել եւ վերադարձնել ակտիվները, որոնք պատկանում են աֆղան ժողովրդին: Այդ մասին մարտի 7-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ հանդես գալով ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում:
«ԱՄՆ-ն անպատասխանատու է եւ, հաշվի չառնելով ոչինչ, հեռացել է Աֆղանստանից՝ աֆղան ժողովրդին թողնելով լուրջ հումանիտար ճգնաժամ եւ ստեղծելով տարածաշրջանային կայունության վիթխարի սպառնալիք»,-հայտարարել է Վան Լին: Նախարարը կոչ է արել՝ անհապաղ ապասառեցնել Աֆանստանի ակտիվներն ԱՄՆ-ում եւ չեղարկել տարբեր միակողմանի պատժամիջոցները, առանց որեւէ պայմանի վերադարձնել ակտիվները, որոնք պատկանում են աֆղան ժողովրդին, թույլ չտալ «կրկին անգամ վնաս հասցնել» աֆղան ժողովրդին եւ օգնել Աֆղանստանին՝ անցկացնել ցուրտ ձմեռը եւ դիմավորել գարունը»:
Չինաստանն արդեն օգնության ձեռք է մեկնել Աֆղանստանին եւ կշարունակի նոր օգնություն տրամադրել աֆղան ժողովրդի պահանջներին համապատասխան»,-ընդգծել է նա: 2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբները, գտնվելով ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ առել նախագահական պալատը: Օգոստոսի լույս 16-ի գիշերը հայտարարել են, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթում Քաբուլի միակ օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, իրականացվել է օտարերկրացի աշխատակիցների եւ օտարեկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումը:
Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի սկզբին հայտարարվել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը պատասխանատու է «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ արտաքին քաղաքականության համար եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: