Բաժիններ՝

Մեր երիտասարդությունը մի փոքր հեռացած է սպորտից. միջոցներ են ձեռնարկվում՝ սպորտը շատ ավելի մասսայական դարձնելու ուղղությամբ.  Վահագն Դավթյան

Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 26-ին կայացած մարմնամարզության աշխարհի գավաթում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանն օղակներ վարժությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Մարզիկի հետ 168.am-ը զրուցել է սպորտի, առկա խնդիրների, ակնկալիքների և այլ հարցերի մասին:

Վահագն, ծնողները Ձեզ տարել են մարզադպրոց՝ զուտ մարզված, ուժեղ տղա դառնալու համա՞ր, թե՞ նկատել են, որ սեր ունեք դեպի սպորտը, և ի՞նչն է պատճառը, որ ընտրեցիք ֆիզիկական պատրաստականություն պահանջող օղակները:

– Մարմնամարզությամբ սկսում են զբաղվել փոքր տարիքից, որովհետև եթե մեծ տարիքից սկսես՝ չես կարող այսօրվա բարդացած ու շատ ավելի ֆիզիկական տվյալներ պահանջող սպորտաձևում բարձր արդյունքներ գրանցել: 5-6 տարեկանում դու ուղղակի չես էլ գիտակցում, թե ուր ես գնում: Ուղղակի ծնողները տանում են դպրոց, որ էներգիադ վատնես, մի քիչ մարզվես, փողոցից կտրվես: Առհասարակ բոլոր ծնողներն էլ այդ մտքով են երեխաներին տանում մարմնամարզության, իսկ մարզաձևի ընտրությունը ժամանակի ընթացքում է լինում, ու ճիշտ աշխատացնելու դեպքում ըստ մրցումների ու քո կատարած վարժության գնահատականի ու ճշտության՝ կամաց-կամաց արդյունքներ են լինում:

– Գիտեմ, որ Ձեր ժամանակ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ոչ բարվոք պայմաններ են եղել՝ համապատասխան գույքի բացակայություն և այլն: Պատահե՞լ է, որ հիասթափվեք, մտածեք սպորտից հեռանալու մասին:

-Մինչ օրս ոչ բարվոք պայմաններն առկա են ու գնալով այդ վատ պայմանն ավելի է խանգարում, քանի որ սպորտը զարգանում է շատ արագ տեմպերով, իսկ մարզագույքն էլ նույնքան արագ թարմանում է: Այս պահին ևս ունենք ոչ համապատասխան մարզագույքի խնդիր: Ինչ վերաբերում է հիասթափվելուն՝ սպորտում լինում են նման պահեր, բայց հեռանալու մասին չեմ մտածել, ուղղակի դու քո մեջ պետք է ուժ գտնես ու հաղթահարես այդ ամենը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության բաժնի պետն եք: Ինչպես Ձեր նշած, այնպես էլ այլ մարզադպրոցներում բացակայում են տարրական պայմանները, քայլեր արվո՞ւմ են այս ուղղությամբ: Ի դեպ, շատերն են նկատում, որ մեր երիտասարդների մեծ մասը սպորտային կյանքով ապրելու փոխարեն՝ գերադասում է համակարգիչը, փողոցը: Վարում են անառողջ կյանք՝ ծխում են, խմում: Որո՞նք են սպորտով զբաղվելու առավելությունները:

– Այո, այդպես է: Այսօր մեր երիտասարդությունը մի փոքր հեռացած է սպորտից: Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում՝ սպորտը շատ ավելի մասսայական դարձնելու, մայրաքաղաքի բակերը մինիմալ ֆիզիկական պարապմունքներ անցկացնելու մարզագույքով համալրելու ուղղությամբ, ինչը բնակիչներին հնարավորություն կընձեռի առողջ ապրելակերպ վարել, դուրս գալ բակ և ուղղակի ֆիզիկական վարժություններ կատարել: Այս քայլով պատանիներին, երիտասարդներին կմոտեցնենք սպորտին, ավելի առողջ սերունդ կունենանք, ու վատ սովորություններից, վատ քայլերից հեռու կմնան:

– Վերջերս Գերմանիայում անցկացվող մարմնամարզության աշխարհի գավաթում զբաղեցրեցիք երկրորդ տեղը. քանի՞ երկիր էր մասնակցում և հաղթելու համար ի՞նչը Ձեզ խանգարեց:

– Այո, մասնակցում էր 30-35 երկիր, եթե ոչ՝ ավելի: Իսկ հաղթելուն խանգարող որևէ պատճառ չեմ կարող նշել, քանի որ սա մարմնամարզություն է, շատ բարդ սպորտաձև, ու մարմնի ավելորդ շարժումը, փոքրիկ քայլ առաջ կամ հետը կարող է մրցանակային տեղից մարզիկին դուրս թողնել կամ առաջին տեղից իջեցնել երրորդ տեղ կամ մեդալից զրկել: Պատահում է նաև այնպես, որ ուղղակի մրցավարական համակրանքը, այսպես ասենք՝ քո կողմը չի լինում, որի հետևանքով էլ կարող ես, օրինակ, երրորդ տեղը գրավել կամ ընդհանրապես տեղ չգրավել: Ամեն դեպքում՝ գոհ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Թերություններ ունեի իմ կատարած վարժության մեջ, որոնք շտկելու ուղղությամբ պետք է աշխատեմ, որպեսզի հաջորդ մրցումներին ավելի լավ հանդես գամ:

– Որպես մարզիկ՝ ի՞նչ նպատակներ ունեք:

– Կարծում եմ՝ բոլոր մարզիկների նպատակը մեկն է՝ սպորտային կարիերայի ընթացքում մաքսիմալ արդյունքներ գրանցել: Նպատակս միայն բոլոր մրցումներին հաջող հանդես գալն է ու լավագույն արդյունք գրանցելը: Իսկ, թե ինչքանով կհաջողվի՝ Աստված գիտի: Կարևոր է նաև այն, թե ինչքան կկարողանաս մնալ սպորտում: Ամենակարևորն այն է, որ մարզիկը վնասվածքներից հեռու լինի, իսկ մնացածն արդեն սեփական կամքի ու աշխատասիրության արդյունքում՝ ժամանակի հետ կստացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս