«Վահագն Խաչատուրյանի ներկայությունն այդ պաշտոնին օգտակար չի լինի երկրին, բայց շատ էլ վնասակար չի լինի». Հրանտ Խաչատրյան

Մարտի 3-ին ԱԺ-ում 71 կողմ ձայնով ՀՀ նախագահ ընտրվեց Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին թիմակից, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության խորհրդի անդամ, Նիկոլ Փաշինյանի օրոք ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, նախագահի ընտրությանն էլ մասնակցել էր միայն ՔՊ-ն: ԱԺ երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու այս գործընթացին, քանի որ, իրենց գնահատմամբ՝ նախագահի թեկնածուն առաջադրվել է Սահմանադրության բազմաթիվ խախտումներով։

Ի վերջո, Վահագն Խաչատուրյանը երկրորդ փուլի ընտրությամբ դարձավ Հայաստանի հինգերորդ նախագահը։

168.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն անդրադառնալով Վահագն Խաչատուրյանի նախագահ ընտրվելուն և այդ ընտրությանն ընդդիմության չմասնակցելուն՝ նախ նշեց, որ 30 տարուց ավելի ասում է, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ են պետք։ Ոչ միայն ազգային նկարագրին, այլև աշխարհի ներկայիս իրավիճակին համապատասխան, ադեկվատ ազգային համակարգ է պետք ձևավորել։

«Խուսափում եմ հատվածական գնահատականներ տալուց, բայց քանի որ հարցը կոնկրետ էր, ասեմ, որ մինչև 1988 թվականը՝ մինչև Արցախյան շարժումը, Վահագն Խաչատուրյանի հետ աշխատել եմ նույն հիմնարկում, բայց նրան չեմ ճանաչել։ Հրազդանի մեքենաշինարար մեծ հիմնարկն էր։ Նրան առաջին անգամ հանդիպել եմ այն ժամանակ, երբ ինքը ՀՀՇ անդամ էր, նա ինձ մոտեցավ, հիշեցրեց, որ միասին ենք աշխատել։ Դրանից հետո, երբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար էր, փորձել էի հանդիպել, ընդհանուր հարցեր քննարկել։ Իսկ բոլորին հայտնի է, որ այդ նախարարությունը ձևավորելու հարցում հիմնական պահանջ ներկայացնողը եղել է Կարեն Վարդանյանը, և մենք շահագրգռված էինք, որ այդ նախարարությունը կայանա Հայաստանում։ Հիմա ինքը ներկայացել է՝ որպես երկրի նախագահ, նախորդը հրաժարվել էր այդ պաշտոնից՝ ասելով, որ լիազորությունները քիչ են։ Իսկ Վահագն Խաչատուրյանն էլ հայտարարեց, որ գիտի, թե ինչպիսի լիազորություններով է ստանձնում պաշտոնը, համաձայնել է, որովհետև մտածում է, որ անելիք ունի»,- նշեց Հրանտ Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում ստեղծված նման համակարգի արդյունքում հնարավոր է, որ Վահագն Խաչատուրյանը կարողանա ինչ-որ փոքր հարցեր լուծել, սակայն ի վիճակի չի լինելու լուծել համակարգային խնդիրներ։

«Նրան նոր են նշանակել, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց վստահ եմ, որ նա նույնիսկ իր մտածած ամենալավ բաները չի կարողանալու իրականացնել, ոչ թե անձնական հատկանիշների պատճառով, այլ համակարգի թերությունների պատճառով։ Նա եղել է ՀՀՇ-ի, ՀԱԿ-ի անդամ, չգիտեմ՝ ինչ դիրք ու կշիռ է ունեցել այնտեղ։ Բայց ամեն դեպքում համարում եմ, որ այս իշխանությունների օրոք ընդհանուր առմամբ իրականացվել են 1990 թվականի այն ծրագրերը, որոնց մի մասը մենք կարողացանք այն ժամանակ տապալել։ Սակայն Վահագն Խաչատուրյանն այդ ծրագրերի համառ իրականացնողներից չի եղել, հետևաբար՝ հիմա մեծ հույսեր եմ փայփայում, որ մեծ վնասներ չի տա։ Այսինքն՝ նրա ներկայությունն այդ պաշտոնում օգտակար չի լինի երկրին, բայց շատ էլ վնասակար չի լինի»,- հավելեց Հրանտ Խաչատրյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանն այսօր գտնվում է անցումային շրջանում, հետևաբար՝ կա՛մ իրավիճակը պետք է աստիճանաբար լավ լինի, կա՛մ վատ, ուստի, եթե այս շրջանում է Վահագն Խաչատուրյանը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը, պետք է կարողանա իր մտադրությունների մի մասը կատարել՝ երկիրը դեպի լավը տանելու համար։ Այսօր երկիրն ու աշխարհն այնպիսի իրավիճակում են գտնվում, որ նույնիսկ փոքր դրական քայլը կարևոր է Հայաստանի համար։

Ինչ վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ նախագահի ընտրություններին չմասնակցելուն, Հրանտ Խաչատրյանը շեշտեց՝ ամեն դեպքում ճիշտ կլիներ, եթե ԱԺ-ում այլ թեկնածուի առաջարկություն ու պայքար լիներ, թեև ձայների մեծամասնությունը պատկանում է ՔՊ-ին, բայց գոնե ժողովուրդը կկարողանանար համեմատել երկու թեկնածուներին։

«Կարծում եմ՝ ամեն դեպքում մրցակցելը ճիշտ էր։ Պայքար բառը մեզ մոտ այլ իմաստ է ստացել, բայց ներքին հարցերում պայքարը պետք է լինի մրցակցության կանոններով։ Մեզ մոտ չկա մրցակցություն, իսկ անզիջում պայքարն էլ շատ անարդյունավետ է։ Այս առումով խորհրդարանական ընդդիմությունը ճիշտ չի անում, որ դիրքերը զիջում է առանց պայքարի»,- եզրափակեց Հրանտ Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս